կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ ժամանակավոր կացարաններում բնակվողները կստանան բնակարանի գնման վկայագրեր

Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ ժամանակավոր կացարաններում բնակվողները կստանան բնակարանի գնման վկայագրեր

Հունիսի 20-ը փախստականների համաշխարհային օրն է: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ հունիսի 23-ին բնակարանի գնման վկայագրեր (բգվ) կստանան Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող 35 ընտանիքներ Արարատի մարզում:

«Այդպիսով կմեկնարկի Ադրբեջանի փախստականների բնակապահովման ծրագրի վերջին՝ 4-րդ փուլը, որի շրջանակում բգվ-ներ կստանան ՀՀ մարզերի բնակիչները, որոնք 1988-1992 թթ-ին Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնի տեղահանվել, տեղափոխվել են Հայաստան և մինչև այժմ բնակվում են ժամանակավոր կացարաններում:

Նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է 194 հավակնորդ շահառուների, նրանցից 161-ը ծրագրին մասնակցելու համար դիմում են ներկայացրել:

Միջգերատեսչական հանձնաժողովը պարբերական նիստեր է գումարում՝ քննելու ներկայացված դիմումները և դիմումատուի փաթեթի համապատասխանությունը ծրագրի չափորոշիչներին:

Դրական եզրակացություն ստանալու պարագայում շահառուն ստանում է բնակարանի գնման վկայագիրը՝ մեկ տարի գործողության ժամկետով:

Նախորդ երեք փուլերի արդյունքներով, որոնք անցկացվել են մայրաքաղաքում՝ ըստ վարչական շրջանների, տրամադրվել են 272 բնակարանի գնման վկայագրեր:

Շահառուների ավելի քան 80 տոկոսը իրացրել է ստացած բգվ-ն»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: