հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է. փաստաբան

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է. փաստաբան

Արմավիրի մարզի դատարանը Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգել է։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝  կայացվել է ապօրինի որոշում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։

Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի` Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին` ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

Իր հերթին Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): 
 

  • Կիսվել: