կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ես չեմ հանգստանա, մինչև դա տեղի չունենա. Պերեսը կոշտ հայտարարություն է արել Բարսելոնայի հասցեին

Ես չեմ հանգստանա, մինչև դա տեղի չունենա. Պերեսը կոշտ հայտարարություն է արել Բարսելոնայի հասցեին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված «Նեգրեյրայի գործին», որը կապված է մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահին կատալոնական «Բարսելոնայի» կատարած վճարումների հետ, գրում է armsport.am-ը:

«Նեգրեյրայի գործը միայն «Ռեալի» խնդիրը չէ։ Թերևս մենք դրա գլխավոր զոհն ենք, սակայն խոսքը համակարգային խարդախության մասին է, որն ազդել է ազգային և միջազգային բոլոր մրցաշարերի վրա, քանի որ դրանք փոխկապակցված են։

Ես չեմ հանգստանա, քանի դեռ լիարժեք պատասխանատվություն չի սահմանվել։ Դժվար է գիտակցել, որ չնայած ընդհանուր խնդրին՝ միայն «Ռեալն» է շահագրգռված ճշմարտությունը բացահայտելու հարցում։ Լա լիգան և ֆեդերացիան պարտավոր են պաշտպանել մրցաշարերի ազնվությունը, բայց նրանք ՈւԵՖԱ-ում որևէ քայլ չեն ձեռնարկել։

«Ռեալը» տուժել է դրա հետևանքներից իմ նախագահության ողջ ընթացքում։ Մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածի վիճակագրությունն ինքնին խոսուն է։ Stats Perform-ի տվյալներով՝ «Բարսելոնան» թվային առավելությամբ անցկացրել է 862 հանդիպում, իսկ «Ռեալը»՝ 80։ VAR համակարգի ներդրումից ի վեր «Ռեալի» 42 գոլ է չեղարկվել՝ գրեթե երկու անգամ ավելի, քան լիգայի որևէ այլ թիմի դեպքում, և ավելի քան երկու անգամ ավելի, քան «Բարսելոնայինը», որի դեպքում չեղարկվել է 19 գոլ։ Բարձրագույն դիվիզիոնում մինչ օրս աշխատում է 21 մրցավար, այդ թվում՝ VAR-ի սենյակում, որոնք պաշտոնի բարձրացում են ստացել հենց Նեգրեյրայի պաշտոնավարման շրջանում։

Տպավորություն է ստեղծվում, թե իսպանական ողջ ֆուտբոլային համակարգն ուզում է, որ մենք մոռանանք տեղի ունեցածի մասին»,- Պերեսի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հավելենք, որ «Բարսելոնան» պնդում է, թե Նեգրեյրային վճարել է ոչ թե մրցավարության, այլ մրցավարական հաշվետվությունների համար։

  • Կիսվել: