երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ճանաչելով ՍԴ 7 դատավորներին, վստահ եմ, որ նրանցից ոչ մեկը կառավարության անպարկեշտ առաջարկությունը չի ընդունի. Դավիթ Հարությունյան

Ճանաչելով ՍԴ 7 դատավորներին, վստահ եմ, որ նրանցից ոչ մեկը կառավարության անպարկեշտ առաջարկությունը չի ընդունի. Դավիթ Հարությունյան

ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, որը երեկ ստորագրել էր ՀՀ նախագահը, ճնշում է Սահմանադրական դատարանի ու մասնավորապես, ՍԴ նախագահի վրա, այսօր ՍԴ վարչական շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ այս պահին Սահմանադրական դատարանի դիմաց, որտեղ հարցաքննվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հավաքվել են ՍԴ նախագահի աջակիցներ, նախկին իշխանության ներկայացուցիչներ:

«Այս քայլը ամենևին էլ ուղղված չէ ՍԴ-ի հեղինակության բարձրացմանը: Այս օրենքը միայն մեկ նպատակ ունի՝ ազատվել ՍԴ գործող կազմից ցանկացած եղանակով և ցանկացած միջոց գործի է դրվում՝ բարեկամների, շրջապատի նկատմամբ հետապնդումներ և այժմ արդեն դատավորների նկատմամբ: Տպավորությունս հետևյալն է՝ կարծես մի մարդու արել են անպարկեշտ առաջարկություն ու այդ առաջարկությունը ՍԴ յոթ անդամներից որևէ մեկը չի ընդունել: Ճանաչելով ՍԴ յոթ դատավորներին, վստահ եմ, որ նրանցից ոչ մեկը այս անպարկեշտ առաջարկությունը չի ընդունի, որովհետև նրանք շատ ավելի լուրջ ու իրենց բարձր գնահատող մարդիկ են», -հայտարարեց Հարությունյանը:

Հիշեցնենք՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով կառավարությունն առաջարկում էր ՍԴ անդամներին «պատվով հեռանալ»։ Ըստ օրենքի, եթե ՍԴ դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ինքնակամ թոշակի գնան, ապա մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ պահպանելով աշխատավարձի և սահմանված հավելավճարի չափը: Այս նախաձեռնությամբ կառավարությունը հույս ունի լուծել ՍԴ-ի ճգնաժամը, որի մասին խոսում է իշխանությունը։

  • Կիսվել: