երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 6-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման գործող տոկոսադրույքը՝ 6.75%։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:Նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը արագանալով՝ մարտին կազմել է 3.3 տոկոս: Ներկայացնելով այդ ցուցանիշը՝ Մարտին Գալստյանն անմիջապես տեղեկացրեց, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև ապրիլի գնաճի տվյալը՝ 3.2 տոկոս: ԿԲ ղեկավարը, շարունակելով միտքը, նշեց, որ 12- ամսյա բնականոն գնաճը ևս որոշակի ավելացել է, սակայն մնում է թիրախից ցածր՝ 2 տոկոսի մակարդակին:

Ըստ Գալստյանի՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում, ինչպես նաև Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղեցման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն էականորեն ավելացել են:«ԱՄՆ տնտեսական քաղաքականության, հատկապես, առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է:

Այս պայմաններում միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորվել են գների նվազման առարկայական ռիսկեր: Մյուս կողմից՝ միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ պահպանվում են առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային գնաճային ռիսկերը: Ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների վրա հավանական ազդեցությունների վերաբերյալ անորոշությունները»,- ներկայացրեց  Գալստյանը:

Նա ընդգծեց, որ այս համատեքստում, հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները և ընդհանուր բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները:

  • Կիսվել: