Հայկական բիզնեսը սկսել է ավելի շատ ներդրումներ կատարել Վրաստանում. փոխվարչապետ Դավիթաշվիլի
Հայաստանից Վրաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումները 2024 թվականի արդյունքներով աճել են 31%-ով։ Երևանում հայ-վրացական բիզնես ֆորումի բացման ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն:
«Այսօր Վրաստանում հայկական կապիտալով մոտ 600 ընկերություն է գործում։ Ներդրումները հիմնականում կենտրոնացած են տրանսպորտի, լոգիստիկայի, անշարժ գույքի և արտադրության ոլորտներում», – նշել է Դավիթաշվիլին։
Նրա խոսքով՝ Հայաստանը ավանդաբար Վրաստանի տասը խոշորագույն տնտեսական գործընկերների թվում է։ 2024 թվականին այն ցուցակում զբաղեցրել է իններորդ տեղը։
Նախարարը նաև հիշատակել է վերջերս կնքված խոշոր գործարքը՝ «Bank of Georgia Group»-ի կողմից «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 90%-ի ձեռքբերումը։ Նա գնահատել է սա որպես երկու երկրների միջև ֆինանսական կապերի ամրապնդմանն ուղղված քայլ, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչության հաստատում։
Դավիթաշվիլին ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է դարավոր բարեկամության և սերտ համագործակցության վրա։
Երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական խթանը 2024 թվականի հունվարին ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումն էր։