շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու հարցը մեզ մոտ չի քննարկվել. Տարոն Սիմոնյան

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու հարցը մեզ մոտ չի քննարկվել. Տարոն Սիմոնյան

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու հարցը մեզ մոտ չի քննարկվել, ԲՀԿ-ն էլ պաշտոնապես այդ հարցով չի դիմել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Երբ կլինի դիմում, կքննարկենք կհասկանանք»,- հավելեց նա։

Հարցին, թե կասեցնելու են այդ պրոցեսները, Տարոն Սիմոնյանը նկատեց, որ դեռ պետք է նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի, ՀՀ նախագահն էլ պետք է ստորագրի, որից հետո կտեսնեն, իսկ հիմա կասեցման գործընթաց չկա:

«Մենք պետք է արդեն ուժի մեջ մտած ակտի հարցով դիմենք ՍԴ: Ամեն դեպքում ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իմ քայլը» խմբակցությունը,- ընդգծեց նա։

Տարոն Սիմոնյանի խոսքով, ամեն օր, ամեն ժամ պատրաստ են պայքարելու իրավական պետության զարգացման համար: «Թե ինչպես մենք կօգտագործենք հնարավորությունները հակաիրավական գործողությունները կանխելու, որը կլինի գործիքակազմը, խմբակցությունը կքննարկի և կպարզի»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի մեծ խումբ պատգամավորներ: Դրանով, ըստ էության առաջարկվում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարել ավարտված եւ պաշտոնավարումը դադարեցնել: Իսկ ՍԴ այն անդամ/դատավորները, որոնք ընդհանուր տևողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը:

Ինչ վերաբերում է նիստը բոյկոտելուն, Տարոն Սիմոնյանն ասաց, որ դա բոյկոտ չէր, իրենք այդ հարցի վերաբերյալ բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումը։

«Անտրամաբանական է, որ մի կողմից իշխանությունները ստեղծում են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, այնտեղ ընդգրկում են բազմաթիվ մարդկանց, տեղի են ունենում քննարկումներ, եւ դրան զուգահեռ այլ գործընթաց է տեղի ունենում, ինչն ամբողջությամբ հակասում է տրամաբանությանը։ Ինչ իմաստ ունի այդքան ռեսուրս ծախսել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի վրա, եթե դուք  լրիվ այլ գործընթաց եք կազմակերպում: Ի՞նչ իմաստ ունի 7 մլրդ դոլար ծախսել հանրաքվեի հակաօրինական գործողության վրա, եթե կարող էիք այն նույն հակաիրավական գործողություններով ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ անել: Ի՞նչ իմաստ ուներ դիմել Վենետիկի հանձնաժողով կարծիքի, եթե մինչ այդ կարծիքի ստացումը դուք ԱԺ-ում նախաձեռնելու էինք սահմանադրական փոփոխություններ»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

  • Կիսվել: