երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՔՊ խմբակցությունը դեռ չունի որոշում, թե ում է ընտրելու դատավորի թեկնածու. Կոնջորյանը պարզաբանում է

ՔՊ խմբակցությունը դեռ չունի որոշում, թե ում է ընտրելու դատավորի թեկնածու. Կոնջորյանը պարզաբանում է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ասում եմ՝ այս պահի դրությամբ մենք դեռևս չունենք որոշում, թե ում ենք ընտրելու, և փաստ չէ, թե մենք ընդհանրապես ընտրելո՞ւ ենք, թե՞ չենք ընտրելու: Դա պարզ կլինի քվեարկության արդյունքում: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ի նիստի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում առաջադրված 3 թեկնածուից միայն 1-ի՝ ԱԺ ներկայանալու հանգամանքին:

Հայկ Կոնջորյանը պարզաբանեց, որ կան դեպքեր, երբ թեկնածուները մտածում են, քանի որ գալու են ԱԺ և չեն ընտրվելու, հավանաբար կարող են նաև զրո ձայն ստանալ. դա նրանց համար ստեղծում է հեղինակության խնդիր, և քանի որ իրենք «հարգված մարդիկ» են, չեն ուզում մասնակցել գործընթացին: «Գալ ԱԺ, ստանալ զրո ձայն և վերադառնալ դատական համակարգ՝ դա նրանց համար հարված է հեղինակությանը»,- նշեց պատգամավորը:

Հայկ Կոնջորյանը երևույթը «ընտրության փաստի դեֆորմացիա» որակեց՝ հիշեցնելով, որ պետք է գիտակցել՝ եթե թեկնածու ես, կարող ես նաև չընտրվել:

Կոնջորյանը նաև նկատեց, որ լինում են շահարկումներ, թե արդեն կան ֆավորիտներ, ու նաև դա է պատճառը, որ թեկնածուները հրաժարվում են իրենց առաջադրումից:

«Ուզում եմ այս ամբիոնից փարատել բոլոր կասկածները՝ չկան ֆավորիտներ, և կոնկրետ ՔՊ խմբակցությունը չի առաջնորդվում ֆավորիտների տրամաբանությամբ: Ասեմ ավելին՝ մինչև այս պահը ՔՊ-ն չունի որոշում, թե որ թեկնածուին է ընտրելու, մանավանդ որ մենք 3 թեկնածուից 2-ին չենք լսել, և դա ինքնին ընտրության գործընթացի տեսանկյունից բավականին թուլացնող հանգամանք է»:

Հայկ Կոնջորյանը, խոսքն ուղղելով դատական համակարգի ներկայացուցիչներին, ընդգծեց՝ վստահ է, որ նրանց թվում կան արժանի թեկնածուներ, ապա կրկին հորդորեց ապագա բոլոր թեկնածուներին անխտիր գալ, ներկայանալ ԱԺ:

Հիշեցնենք՝ ըստ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ թեկնածուներից մեկը չի ներկայացել ԱԺ առողջական խնդիրների պատճառով, իսկ մյուսը փոխել է իր որոշումը դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու համար և նախքան նիստի մեկնարկն այդ մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին:

  • Կիսվել: