հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լուսահովիտ համայնքի ղեկավարը դատապարտվեց

Լուսահովիտ համայնքի ղեկավարը դատապարտվեց

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի բնակիչ, 1983թ․ ծնված Արման Խոջայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն տարածաշրջանի Լուսահովիտ գյուղի բնակիչ, 1984թ․ ծնված Գրիգոր Սարհատյանի կազմակերպմամբ, 2019թ․ հոկտեմբերի 19-ին բենզասղոցով ապօրինի հատել է 6 հատ հաճարենի տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 168 հազար 300 դրամի վնաս։ Լուսահովիտ համայնքի ղեկավար, նախկինում դատված, դատվածությունը մարված, 1984թ․ ծնված Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է Արման Խոջայանի կողմից ապօրինի ծառահատումներ կատարելը՝ այդ նպատակով նրան է տրամադրել իրեն պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, գրում է armlur.am-ը:

Ա․ Խոջայանին եւ Գ․ Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով(« Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որոնք կատարվել են խոշոր վնաս պատճառելով»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը, Ա․ Խոջայանը եւ Գ․ Սարհատյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով,հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, իրենք համաձայն են դրա հետ, դատախազը չի առարկել միջնորդության դեմ, դատարանը բավարարել է միջնորդությունը։ Ա․ Խոջայանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն։

Գ․ Սարհատյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, տառապում է հաշմանդամությամբ, որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի առել այն, որ նա խնամքի տակ ունի մինչեւ տասնչորս տարեկան երկու երեխա։ 2020թ․ դեկտեմբերի 11-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Արման Խոջայանին եւ Գրիգոր Սարհատյանին դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան, որրի ընթացքում նրանց վարքի հսկողությունը իրականացվելու է ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության՝ ամբաստանյալների բնակության վայրի ստորաբաժանման կողմից։

  • Կիսվել: