Ադրբեջանցին «հայերի հետ նամակագրության» համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Պրագայի Կառլովի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոկտորանտ Բահրուզ Սամեդովին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ ըստ էության, Հայաստանի բնակիչների հետ նամակագրության և պատերազմի դեմ հրապարակային դիրքորոշման համար:
Ըստ հետաքննիչների վարկածի՝ երիտասարդ գիտնականը «Հայկական հատուկ ծառայությունների պատվերով» Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդվածներ է գրել և թարգմանել։
Դատապարտվածը կտրականապես հերքել է մեղադրանքները, իսկ նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան նշել է, թե մեղադրանքները հիմնված են բացառապես երեք հայ կանանց հետ նամակագրության վրա, որտեղ «պետական դավաճանության» պարունակող հանցագործության տարրեր չկան:
«Նամակագրության մեջ Սամեդովին որևէ պետական կարևոր հարցի վերաբերյալ հանձնարարություն տվող բան չկա, որ Բահրուզը կատարեր այդ հանձնարարությունը»,-ասել է փաստաբանը:
Միևնույն ժամանակ, ըստ դատապարտված քաղաքագետի պաշտպանների՝ Սամեդովը հայրենիքում հայտնի է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ իր սուր քննադատությամբ, որը նա բացահայտ կերպով արտահայտել է արտասահմանյան պարբերականներում։