կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգներն ավելի ցայտուն են դառնում քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ժամանակ․ Ալվինա Գյուլումյան

Դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգներն ավելի ցայտուն են դառնում քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ժամանակ․ Ալվինա Գյուլումյան

Դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական սկզբունք է, այլև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունք, այն ցանկացած երկրի սահմաններից դուրս է: Այս մասին «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանը հայտարարեց ՄԻԵԴ նախկին դատավոր, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Նախկին դատավորն ընդգծեց՝ դատական անկախության բնորոշ հատկանիշն առաջին հերթին այդ համակարգի անկախությունն է իշխանության մյուս՝ օրենսդիր ու գործադիր թևերից:

«Բայց դա նշանակում է նաև անկախություն հենց դատական իշխանության ներսում: Դատավորը չի կարող ենթարկվել դատարանի նախագահին, կամ վերջինս չի կարող որևէ ձևով ուղղորդել կամ ցուցում տալ: Պետք է ունենալ դատավոր, որն ունակ է անկախ լինել: Դատավորների մոտ երբեմն իշխանության շահն ընկալվում է որպես պետության շահ, և նրանք ցանկանում են ոչ թե կամակատար լինել, այլ իրենց թվում է, թե պետության շահն են պաշտպանում»,-ասաց Գյուլումյանը:

Հաջորդ հանգամանքներից է, ըստ Գյուլումյանի, վաղվա նկատմամբ անվստահությունը, երբ դատավորը մտածում է, որ եթե այսպես վարվի, իրեն պաշտոնից կազատեն կամ իր նկատմամբ հետապնդում կսկսեն:

Գյուլումյանի խոսքով՝ դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգներն ավելի ցայտուն են դառնում քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ժամանակ:

«Առաջին դեպքում քաղաքական իշխանությունը, փորձելով իրեն պաշտպանել, փորձում է ներգործել դատական իշխանության վրա, իսկ երկրորդ դեպքում, ելնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից, որոշակի միջոցառումներ է իրականացնում՝ դատավորի աշխատավարձի կամ կենսաթոշակի որոշակի կրճատում»,-ասաց նա:

  • Կիսվել: