չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին STOP․ Նաիրա Զոհրաբյան

Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին STOP․ Նաիրա Զոհրաբյան

Երեկ, սիրո եւ հանդուրժողականության աննախադեպ այս մթնոլորտում, ոմն ավագանի, ում ձայնը, պարզվեց, մինչ այս որեւէ մեկը չէր լսել, «ֆաս» հրահանգ տվեց Հրայրի երեխայի վրա։ Ու ինձ համար կարեւոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային։ Այս մասին գրում է  ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Էդ «ֆաս» տվողը էնքան վստահ է եղել, որ ամեն օր պարարտորեն ջրվող էս ատելության գաղջում հաստատ լինելու են իր «ֆասից» ոգեւորված նախակենդանիներ, որ անցնելու են գրոհի, էնքան վստահ է եղել, որ ատելության էս պարահանդեսում ինքը մենակ չի, որ հպարտ «քսի» է տվել։

Լավ է, որ այս անգամ թիմը ադեկվատ արձագանքեց ու սա երեւի թե ոնց պատահակսն հայտնվել է, էդպես էլ կանէանա։
Բայց դրանից մենք էս խնդիրը չենք լուծելու, քանի դեռ կան գործիչներ, ովքեր համառորեն «աչոկ» են հավաքում հանրության մի հատվածի ամենացածրակարգ բնազդների եւ իմպուլսների վրա։
Ջինը շշից այլեւս բաց է թողնված ու միայն ժողովուրդը, ով միշտ, ամենասահմանային պահերին կարողացել է սթափվել, էս ատելության գեներացիան կարող է կանգնեցնել։
Սիրելիներս, հարազատներս, թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլացնեն ու ուղղորդեն արդեն ընտանիքի ու երեխաների վրա։
Վաղը այդ երեխայի տեղում կարող է լինել ձեր զավակը։
Մերժեք ատելությունը, նեգատիվն ու չարությունը։
Ես հավատում եմ ձեր հավաքական իմաստնությանն ու բարությանը»,- գրել է Զոհրաբյանը։
 

Հիշեցնենք՝ Հարթենյանի այս արարքը արժանացել էր հասարակական լայն պարսավանքի։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտելի և բացարձակ մերժելի էր համարել արաքը՝  «հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջելով հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ»։

Բարձրացված աղմուկից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ 

ՔՊ  կուսակցության վերահսկող հանձնաժողովը ևս արձանագրել է, որ ավագանու անդամի արարքը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասվում է հայտարարության մեջ։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: