հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սյունիքում ՌԴ ռազմաբազայի տեղակայումը համարում եմ իրատեսական, բայց եթե ուզում ենք՝ մեզ հարգեն, պիտի ունենանք սեփական ԶՈւ-ն․ Քոչարյան

Սյունիքում ՌԴ ռազմաբազայի տեղակայումը համարում եմ իրատեսական, բայց եթե ուզում ենք՝ մեզ հարգեն, պիտի ունենանք սեփական ԶՈւ-ն․ Քոչարյան

Մենք հայտարարում ենք, որ այն ուժն ենք, որն ի վիճակի է այսօր Հայաստանը տանել դեպի պայծառ ապագա։ Այս մասին այսօր Կապանում քարոզարշավի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Մեր հանդիպումները մեր քաղաքացիների հետ մեկ դերասանի թատրոն չեն, մենք ներկայանում ենք թիմով, որի անդամներից ամեն մեկը ճանապարհ է անցել, փորձ է կուտակել։ Մեկ մարդ չի կարող բոլոր հարցերը լուծել։ Այս ընտրություններն էապես տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից՛՛։

Քոչարյանի խոսքով՝ փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում սկսեց զարգանալ, երբ ինքն է կառավարել, և քայլեր են ձեռնարկելու՝ տարածքների համաչափ զարգացման համար։

Համակիրների հարցին, թե որքանով է իրատեսական համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, Քոչարյանը պատասխանեց. ՛՛Իրատեսական եմ համարում, բայց մեկ հարց, որի վրա միշտ շեշտադրում եմ անում՝ եթե մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, մենք պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մենք մեզանից ինչ-որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։

Եթե մենք ուզում ենք, որ այս հարցերն իրենց լիարժեք լուծումը ստանան գործընկերային հենքի վրա, ոչ թե աղաչելով ու խնդրելով, ուրեմն մենք շատ արագ պետք է վերականգնեք մեր բանակը և միասին մեր դաշնակիցների հետ ամրացնենք մեր երկրի անվտանգությունը՛՛:

  • Կիսվել: