Սահմանազատումն ապօրինի է, այն մեզ պարտադրում են. այսօրվա խաղաղության օրակարգը խաբկանք է. Սեյրան Օհանյան
Այսօրվա խաղաղության օրակարգը ոչ ռեալ է, իրատեսական չէ և խաբկանք է հայ ժողովրդի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրղների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իրականում հակամարտությունը ավելի է խորացել, երբ Արցախը հայաթափվել է և Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն։ Իրականում խաղաղությունը ոչ իրատեսական է այն պատճառով, որովհետև հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության, այլ ընդհակառակը ձգտում են ճնշումներ գործադրել հայ ժողովրդի վրա»,-ասաց նա:
Անդրադառնալով սահմանազատման թեմային, Սեյրան Օհանյանն ասաց. «Այն, ինչ որ անցած տարի իրականացվեց, դա ապօրինի, ոչ օրինական և նաև միջազգային լավագույն այսօրվա փորձին և օրենքներին, սկզբունքներին հակառակ իրականացված, ոչ թե սահմանազատում, սահմանագծում էր, այլ միակողմանի մեր ինքնիշխան տարածքներից հողերի հանձնում էր, որից մենք ոչինչ չստացանք։
Հիշում եք, որ կանոնադրություն հաստատվեց Ազգային ժողովում, որին մենք դեմ էինք, որտեղ ասվում էր, որ կարող է իրականացվել սահմանազատում նաև հատվածական: Հիմա այդ ամենը իրականացվում է կամ փորձելու են իրականացնել նույն Տաուշի հատվածում, որտեղ որ մենք հանձնեցինք հակառակորդին Ադրբեջանին տարածքներ, իսկ Ադրբեջանը ոչինչ մեզ չտվեց։
Եթե այդ նույն տարածքից ենք մենք նորից սկսում սահմանազատումը, սահմանագծումը, դա նշանակում է, որ այդ ամենը մեզ պարտադրվում է։ Հակառակ դեպքում մենք կարող էինք սկսել այլ հատվածից, որտեղ հակառակորդը շուրջ 240 քառակուսի կիլոմետր գտնվում է մեր հատվածում և չի էլ ուզում այդտեղից դուրս գալ»: