երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությունը, ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ: Բարձրացվել են երկկողմ համագործակցության վերաբերյալ որոշ արդիական հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ։ 
 

Նշվում է, որ Ռուսաստանի ղեկավարը նաև շնորհավորական հեռագիր է ուղարկել: Դրանում Պուտինը նշել է Ալիևի ներդրումը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության գործում: Նախագահի խոսքով՝ Ալիևի գլխավորությամբ «Ադրբեջանը վստահորեն ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ուղով ՝ ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում»: Երկու երկրների միջև «ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում» Ադրբեջանի առաջնորդի անձնական ներդրումը դժվար է գերագնահատել, ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հեռագրում:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ նա անկեղծորեն գնահատում է առկա վստահությունն ու փոխըմբռնումը, և հույս ունի շարունակել բեղմնավոր համատեղ աշխատանքը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: Նա Ադրբեջանի նախագահին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ, և սրտանց շնորհավորանքներ փոխանցել նրա ընտանիքին:

Ինչպես հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը՝  խոսելով երկրների կողմից իրականացվող համատեղ նախագծերի կարևորության մասին, առաջնորդները «նշել են, որ այսօր Սամուր գետի միջով նոր ավտոմոբիլային կամուրջ բացումը մեծապես կնպաստի ընդլայնված համագործակցության խորացմանը»:

  • Կիսվել: