չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին․ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են․ Ալիև

Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին․ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչպես ձեզ հայտնի է, մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական հատվածը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր։ Այս մասին Նախիջևանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք վստահությամբ և մեծ հմտությամբ քայլում էինք դեպի այս նպատակը, մենք մոտենում էինք և արդեն մոտեցել ենք»,-հավելել է նա:

Ալիևը նաև հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը:

Նա «նախազգուշացրել է» Հայաստանին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին՝ կապված Հայկական ատոմակայանի փակման հետ։ Նրա խոսքով՝ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել Հայաստանի համար «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։

«Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է»,-ասել է Ալիևը

Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ օգոստոսի 8-ին ունեցած զրույցում քննարկել է TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ զրույցից «պարզ է դարձել», որ շինարարությունը պետք է սկսվի այս տարի։

«Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին։ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով՝ Եվրամիության ներկայացուցիչները հետաքրքրված են Ադրբեջանի երկաթուղու Նախիջևանի հատվածին մասնակցությամբ:

Ըստ Ալիևի՝ ԵՄ ներկայացուցիչներն արդեն մեկնել էին Նախիջևան, որտեղ տեղում ծանոթացել են իրավիճակին։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Եվրամիությունը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցներ ու պետություններ, հետաքրքրված են այս տրանսպորտային երթուղով՝ ցանկանալով դառնալ դրա մասնակիցը։

«Շատ միջազգային կառույցներ, որոշ երկրներ հետաքրքրված են այս երկաթուղով, հատկապես Ադրբեջանի երկաթուղիների՝ Նախիջևանի հատվածով։ Դրանցից մեկը Եվրամիությունն է»,- ասել է Ալիևը։

  • Կիսվել: