ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ալիևն ինձ ասել է, որ ընդունում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է. Փաշինյան

Ալիևն ինձ ասել է, որ ընդունում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է. Փաշինյան

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ այդ հարցը երկրի ներքին գործն է։ Այս մասին Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ մենք սկսեցինք քննարկումները Ադրբեջանի հետ, նախևառաջ արձանագրեցինք, որ Սահմանադրության հետ կապված հարցը մեր ներքին գործն է։ Մենք չենք պատրաստվում այս խնդիրը քննարկել որևէ արտաքին ակտորի կամ գործընկերոջ հետ, քանի որ մտադիր ենք այն քննարկել բացառապես մեր ժողովրդի հետ»:

Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է այդ հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում։

«Բայց նրանք նաև ասում են, որ սահմանադրական առկա դրույթների պայմաններում պատրաստ չեն և չեն ցանկանում Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել և այն վավերացնել»,-նշել է նա։

Փաշինյանը նաև հավելել է, որ այս երկու ձևակերպումները կարող են նման թվալ, սակայն դրանց միջև սկզբունքային տարբերություն կա։

Նա ընդգծել է՝ կարևոր է ճիշտ հասկանալ կողմերի դիրքորոշումները և ճիշտ գնահատել իրավիճակը։

  • Կիսվել: