երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ մշակութային զբոսաշրջության զարգացման հարթակ

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ մշակութային զբոսաշրջության զարգացման հարթակ

«Արմենիա» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնով մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանը։

Ավելի քան մեկ ամիս «Արմենիա» փառատոնի շրջանակներում Երևանը կհյուրընկալի աշխարհահռչակ դիրիժորների և մենակատարների, իսկ փառատոնի համերգները կներկայացնեն ինչպես համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Չորս դասական համերգի ընթացքում կհնչեն Մոցարտի, Բրամսի, Բերնսթայնի, Չայկովսկու, Ստրավինսկու, Շոստակովիչի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, ինչպես նաև հույն կոմպոզիտորներ Գիորգոս Կումենդակիսի և Դիմիտրիս Պապադիմիտրիուի ստեղծագործությունները։ 

Բացման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել մեծ ճանաչում վայելող դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովը։ 

Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Իոն Մարինը, Գեորգիոս Բալացինոսը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որ կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, տարիների ընթացքում դարձել է ոչ միայն Հայաստանի երաժշտական կյանքի կարևոր իրադարձություններից մեկը, այլև մշակութային զբոսաշրջության զարգացման հարթակ՝ միջազգային երաժշտական բարձրակարգ ծրագրերը հասանելի դարձնելով նաև Հայաստան այցելող օտարերկրյա հյուրերին։ Փառատոնի նպատակներից է Հայաստանը ներկայացնել որպես բարձրակարգ մշակութային և երաժշտական զբոսաշրջության ուղղություն։

Նվագախմբի գործունեության կարևոր բաղադրիչը շարունակում են մնալ նաև միջազգային համագործակցություններն ու հյուրախաղերը։ Սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր բեմերում՝ ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթը և համագործակցելով միջազգային ճանաչում ունեցող մենակատարների ու դիրիժորների հետ։ Այս ուղղությամբ հյուրախաղերի և միջազգային նախագծերի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է՝ ամրապնդելով նվագախմբի դիրքը միջազգային երաժշտական հարթակում։ Նոր համերգաշրջանում ևս նախատեսվում են միջազգային համագործակցություններ, ինչպես նաև Հայաստան ժամանող անվանի երաժիշտների մասնակցությամբ համերգներ։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերն է GTB Development-ը։ Այս գործընկերությունը կարևոր է ոչ միայն բարձրակարգ երաժշտական նախագծերի իրականացման, այլև Հայաստանում մշակույթի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականության համար։

«Արմենիա» փառատոնի հաջորդ համերգը սեպտեմբերի 16-ին է։  Երեկոն կմիավորի եվրոպական ռոմանտիզմի շքեղությունն ու հայկական սիմֆոնիկ երաժշտության վառ էջերը։ Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ կհնչեն Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար (մենակատարներ՝ Դիանա Ադամյան (ջութակ), Բենջամին Կրուիտհոֆ (թավջութակ), ինչպես նաև ականավոր հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական վալսը» և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը՝ ի նշանավորումն մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակի։

  • Կիսվել: