կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Պուտինի ու Լավրովի կոչերը ՄԱԿ-ին՝ ԼՂ հարցով

Պուտինի ու Լավրովի կոչերը ՄԱԿ-ին՝ ԼՂ հարցով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին եւ Պարենի համաշխարհային ծրագրին` հետեւել Կարմիր Խաչի օրինակին Ղարաբաղում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հատուկ նշանակություն է ստանում մոբիլիզացման եւ միջազգային օգնության խնդիրը:

Այդպիսի աշխատանքի հիմքը, մեր խաղաղապահների շնորհիվ, ստեղծված է: Գիտեմ, որ բազմաթիվ երկրներում մարդիկ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, կարեկցում են մարդկանց, որոնք հայտնվել են այդպիսի բարդ դրության մեջ:

Սակայն այժմ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար անվտանգ պայմանները ստեղծված եւ ապահովված են: Իսկ այդ ուղղությամբ համատեղ ջանքերի դաշտն ահռելի է՛՛:

ՌԴ նախագահի խոսքով՝ առաջատար դերը պատկանում է Կարմիր խաչին, իսկ դրա նախագահը հաստատել է կազմակերպության պատրաստակամությունը մեծացնել ակտիվությունը ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում:

Պուտինն ասել է. ՛՛Կարծում եմ, որ կարեւոր է, որ այդ օրինակին հետեւեն այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման վարչությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը եւ ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը՛՛:

Միևնույն խորհրդակցության ժամանկ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը նշել է, որ հույս ունի, որ ՄԱԿ-ի կառույցներն ակտիվորեն իրենց աջակցությունը կառաջարկեն կողմերին Լեռնային Ղարաբաղում:

Նա ասել է. ՛՛Մենք ելնում ենք նրանից, որ ՄԱԿ-ի բոլոր այդ կառույցները, որոնք ես հիշատակել եմ (փախստականների հարցերով հանձնակատար, Պարենի համաշխարհային ծրագիր, ՅՈՒՆԵՍԿՕ), որոնց մասին Դուք հիշատակել եք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, պետք է խթանվեն կողմերին իրենց հնարավորություններն ակտիվորեն առաջարկելու համար՛՛:

ՌԴ ԱԳ նախարարը նաեւ նշել է. ՛՛Այդ հնարավորությունների մասին լավագույնս գիտեն հենց ՄԱԿ-ի ներկայացուցիչները, մենք կոչ ենք արել համանախագահների «եռյակի» մեր գործընկերներին՝ ամերիկացիներին, ֆրանսիացիներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամներին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին ամեն կերպ խրախուսել միջազգային կազմակերպությունների այդպիսի ակտիվությունը՛՛:

  • Կիսվել: