Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի և մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարությունը, եւ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու եւ թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշեց Գևորգյանը։
Նշենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զոհված զինծառայողների հարազատներից ներողություն է խնդրել Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։
«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,- նշել է նախարարը: