չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են պատվերով համերգ. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են պատվերով համերգ. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Նույնիսկ մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում, ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով: Այս մասին այսօր «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շուրջ քննարկումներին:

Փաշինյանին զարմացրել են մեղադրանքի հետ կապված արձագանքները.

«Շատերը նշում են, թե ինչ զավեշտ է՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Հայտ է ներկայացվում՝ խնդրում եմ մեկ քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի սահմաններում: Հետո դրանից բխում է հաջորդ հարցը, թե ինչու ես պատվիրել 400 մլն դրամանոց գործ, այլ ոչ թե 4 մլրդ դրամանոց: Այնպիսի տպավորություն է, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է: Այսինքն, ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

  • Կիսվել: