հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Օդանավ շահագործողի վկայականից զրկվեց եւս մի ավիաընկերություն. այս տարի՝ արդեն երրորդը

Օդանավ շահագործողի վկայականից զրկվեց եւս մի ավիաընկերություն. այս տարի՝ արդեն երրորդը

2021 թ. ընթացքում արդեն երրորդ հայկական ավիաընկերությունն է զրկվում օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ), ինչը կոմերցիոն թռիչքներ կատարելու իրավունք է տալիս: 2017-ից մինչեւ հիմա սա ՕՇՎ կորցնելու դեպքերի ամենամեծ ցուցանիշն է: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը։

Այս տարվա ընթացքում իրենց ՕՇՎ-ներից զրկվել են «Atlantis European Airways»-ը, որը դեռ նախորդ աշնանը սնանկ էր ճանաչվել, եւ «Fly Armenia Airways»-ը: Այս ամիս նրանց շարքը համալրեց «Սմարթ Էյրլայնզ» ՍՊԸ-ն (Smart Airlines):  

2019-ի նոյեմբերից մինչ օրս՝ 2 տարուց էլ պակաս ժամանակահատվածում, տարբեր պատճառներով ՕՇՎ-ից զրկվել է 6 ավիաընկերություն, որոնցից միայն մեկն է (օդապարիկներ շահագործող «Սքայբոլ» ընկերությունը) կրկին վկայական ձեռք բերել:

Օդանավ շահագործողի վկայականներից զրկված «Տարոն-Ավիան» ու «Մարս Ավիան», ՊԵԿ-ի տվյալների համաձայն, ավելի ուշ դադարեցրել են գործունեությունը (ոչ թե որպես ավիաընկերություն, այլ ընդհանրապես իբրեւ իրավաբանական անձ), «Atlantis European Airways»-ը լուծարման գործընթացում է, իսկ «Fly Armenia Airways»-ը մտադիր է շարունակել ավիացիոն գործունեությունը, չնայած ոչ մի անգամ կոմերցիոն չվերթ չի իրականացրել:

 

Դժվար է ասել, թե ինչ է սպասվում ՕՇՎ-ից զրկված «Smart Airlines»-ին, քանի որ այս տարվա հունվարի 1-ից հետո ընկերությունը որեւէ թռիչք չի իրականացրել ու չէր էլ կարող, որովհետեւ չունի գեթ մեկ օդանավ:

Հիշեցնենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է դեռ 2010 թ. եւ նախկինում փաստացի պատկանում էր քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին, որը 2020 թ. հոկտեմբերին «Atlantis Armenian Airlines» անունը կրող ընկերությունն օտարեց նոր տերերի: Վերջիններս էլ դեկտեմբերին անվանափոխեցին ավիաընկերությունը՝ կոչելով «Smart Airlines»:

Ինչպես արդեն գրել ենք, Երեւանում գրանցված այս ավիաընկերության ներկա սեփականատերերը երկուսն են՝ աշտարակցի Էդուարդ Օհանյանն (1 %) ու երեւանյան «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ՍՊԸ-ն (99 %), որն ամբողջությամբ պատկանում է մայրաքաղաքում հաշվառված Արթուր Պողոսյանին: Ըստ «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ընկերության կանոնադրության՝ դրա գործունեության հիմնական ուղղությունն ԱԹՍ-ների արտադրությունն է, չնայած ՊԵԿ-ը նշում է հանքարդյունաբերության ոլորտում օժանդակ ծառայությունների մատուցումը: Հատկանշական է նաեւ, որ «Smart Airlines»-ի 99 %-ի սեփականատեր ՍՊԸ-ն գրանցված է Բարգատունյաց 73-ում, որտեղ գործում է «Պատրոն Դավիթ» անունով հայտնի գործարար Դավիթ Գալստյանին պատկանող «Նեյտրոն» գործարանը («Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ): Գրել էինք, որ Արթուր Պողոսյանի եւ Դավիթ Գալստյանի կապի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ Պողոսյանը տնօրեն ու բաժնետեր է այնպիսի ընկերություններում, որոնցում աշխատել կամ աշխատում են Գալստյանի գործընկերները:

Այն բանից հետո, երբ Արամ Մարությանն ավիաընկերությունը վաճառեց նոր տերերին, դրա հաշվեկշռում միայն մեկ օդանավ կար՝ EK-76345 գրանցումով «Իլ-76ՏԴ» բեռնատար ինքնաթիռը, որը 44-օրյա պատերազմի օրերին կարեւոր բեռնափոխադրումներ էր կատարում Հայաստանի կարիքների համար: Սակայն այս օդանավն ավիաընկերության բալանսում էր մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն՝ «Smart Airlines»-ն այս տարվա հունվարի 1-ից հետո օդանավ չի ունեցել:

Այս պայմաններում ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է միայն ապրիլի 30-ին ու մինչեւ հուլիսի 30-ը ժամանակ տվել ընկերությանը՝ բացթողումները շտկելու համար: Կարող ենք ասել, որ «Smart Airlines»-ը չի բավարարել ՔԱԿ-ի պահանջները, եւ օգոստոսի 2-ին կոմիտեն ավիաընկերությանը զրկել է ՕՇՎ-ից, որի գործողությունը նախատեսված էր մինչեւ 2022 թ. օգոստոս:

Նկատենք, որ նման բան տեղի է ունեցել նաեւ «Fly Armenia Airways»-ի հետ: ՔԱԿ-ն այս ընկերության ՕՇՎ-ի գործողությունը կասեցրել էր հունիսի 11-ին՝ հիմք ընդունելով Իրանում հայտնված օդանավի սկանդալի մասնագիտական քննության արդյունքում հայտնաբերված թերություններն ու այն փաստը, որ «Fly Armenia Airways»-ը չուներ շահագործման ենթակա որեւէ պիտանի օդանավ (ընկերությունը մինչ այդ հրաժարվել էր իր տրամադրության եղած «Boeing 737-400» ինքնաթիռից, որը թռչելու իրավունք ուներ, իսկ Իրանից Հայաստան տեղափոխված «Boeing 737-300»-ը ոչ միայն թռիչքային պիտանիություն չունի, այլեւ հայկական ավիափոխադրողն այլեւս չի ցանկանում այն շահագործել): «Fly Armenia Airways»-ի վկայականի գործողության կասեցման վերջնաժամկետը հուլիսի 2-ն էր, այդ ընթացքում ընկերությունը պետք է վերացներ ՔԱԿ-ի մատնանշած թերությունները, սակայն հարցն այն է, որ հուլիսի 2-ը նաեւ ՕՇՎ-ի գործողության վերջնաժամկետն էր: Մեր տեղեկություններով՝ չնայած ավիաընկերությունը դիմել էր կոմիտեին՝ վկայականի ժամկետը երկարաձգելու համար, դա տեղի չի ունեցել, եւ հուլիսի սկզբին «Fly Armenia Airways»-ն ուղղակի զրկվել է ՕՇՎ-ից:

Հատկանշականն այն է, որ «Fly Armenia Airways»-ի պարագայում հունիս ամսից շահագործման (թռչելու) պիտանի օդանավ չունենալու հանգամանքն անմիջապես դրվել է ՕՇՎ-ի կասեցման հիմքում, չնայած ՔԱԿ-ը բերել է նաեւ այլ պատճառ՝ ավիաընկերության անունով գրանցված «Boeing 737-300»-ի իրանական միջադեպի քննության արդյունքները: Իսկ ահա «Smart Airlines»-ի պարագայում, որը հունվարի 1-ից չուներ ՀՀ-ում գրանցված որեւէ օդանավ (թեկուզ թռիչքային պիտանիություն չունեցող), կոմիտեն վկայականի գործողության կասեցում է արել 4 ամիս անց՝ ապրիլի 30-ին:

Նյութի շարունակցությունն այստեղ։

  • Կիսվել: