կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նախատեսվածից շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին. ԿԸՀ ծախսը կավելանա

Նախատեսվածից շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին. ԿԸՀ ծախսը կավելանա

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ավելի շատ կուսակցություն, քան նախատեսվել էր. այսպիսով` կավելանա քվեաթերթիկների տպագրության և տեղափոխման հետ կապված ծախսը: Այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

ԿԸՀ-ում իր գործունեությունից ի վեր Մուկուչյանը չի հիշում քաղաքական ուժերի՝ ընտրություններին նման մեծ մասնակցություն: «2012 թվականից սկսած նման մեծ թվով կուսակցությունների մասնակցություն չէր եղել»,-ասաց նա ու հավելեց, որ միանշանակ ծախսը կավելանա:

Հաշվարկները ներկայում իրականացվում են, հիմնական ծախսի ավելացումը պայմանավորված է լինելու քվեաթերթիկների տպագրությամբ, դրանց տեղափոխմամբ: «Մի բան է, երբ նախապատրաստվում է  օրինակ, 40 մլն քվեաթերթիկ, մեկ այլ բան է՝ օրինակ 70 մլն-ից ավելին»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Նրա խոսքով՝ պլանավորվել էր ավելի քիչ մասնակցության թիվ: Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ: Ընտրատեղամասում ընտրողը ստանալու է 26 քվեաթերթիկ, իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ ու գցելու է արկղի մեջ:

  • Կիսվել: