կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվայի պայմանագրի իրավականությունը խիստ վիճարկելի է․ Գարդման- Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը

Մոսկվայի պայմանագրի իրավականությունը խիստ վիճարկելի է․ Գարդման- Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 1921 թվականի Մոսկվայի պայմանագրին։ Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․

«1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության» պայմանագիր, որը, երկկողմ համաձայնություն լինելով հանդերձ,  հայտ ներկայացրեց վերաձևելու Մոսկվայի կոնֆերանսին չմասնակցած և փաստացի անկախ համարվող պետությունների սահմանները, ինչը միջազգային իրավական տեսանկյունից անթույլատրելի քայլ է։ Բացի այդ,  համաձայնվող կողմերը ևս միջազգայնորեն ճանաչված սուբյեկտներ չէին, հետևապես խիստ վիճարկելի է ամբողջ Մոսկվայի պայմանագրի իրավականությունը։

Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիայի քեմալական իշխանությունը իրականացրին փոխշահավետ «առևտուր»՝ փորձելով իրականացնել մի դեպքում «արևելքում հեղափոխության տարածման» ուտոպիստական նպատակը, մյուս պարագայում՝ «Ազգային ուխտը»՝ Թուրքիայի ապագայի իրագործելի տեսլականը։ Այս երկու ձգտումների միջև համաձայնությունը ճակատագրական եղավ այդ պահին արդեն իսկ խորհրդայնացված Հայաստանի համար։

Մոսկվայի պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել վերջինիս կազմում, սակայն թուրքական պահանջներն այսքանով չավարտվեցին։ Մոսկվայի պայմանագրով Նախիջևանը, որտեղ հայ բնակչությունը մեծ դաժանությունների էր ենթարկվել 1918-1920 թթ․ ընթացքում թուրք-ադրբեջանական կանոնավոր և անկանոն զորքերի ու զինախմբերի կողմից, հանձնվեց Ադրբեջանին՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով և պայմանով, որ այդ հովանավորությունը երբևէ չի զիջվի մեկ այլ պետության, այն է՝ Հայաստանին։ Նախիջևանը ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի հովանավորության տակ դնելը փոխշահավետ քայլ էր կողմերի համար, որով թեև Նախիջևանը չանցավ Թուրքիային, բայց չտրվեց նաև Հայաստանին, մինչդեռ 1920 թ․ դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հրաժարվել էր «վիճելի տարածքներից» և վերջիններս՝ այդ թվում Նախիջևանը, ճանաչել Խորհրդային Հայաստանի մաս։

Խորհրդային տասնամյակները սակայն «ժողովուրդների եղբայրության» կարգախոսի տակ այդպես էլ իրական եղբայրություն չբերեցին Նախիջևանին, որտեղի հայ բնակչության թվաքանակը Ադրբեջանի սողացող խտրականության և ռասիզմի պայմաններում ստիպված եղավ հեռանալ երկրամասից։ Նախիջևանահայության բեկորները մինչև 1990-ականները ենթարկվեցին բռնի տեղահանման, իսկ Նախիջևանի հայկական ողջ մշակութային միջավայրը ենթարկվեց ադրբեջանական վանդալիզմի։ Հետևաբար, Մոսկվայի պայմանագրի ճարտարապետները և վերջիններիս իրավահաջորդները հավասարապես պատասխանատվություն են կրում ինչպես նախիջևանահայության ճակատագրի, այնպես էլ հայկական ազգային պատմական ժառանգության ոչնչացման, խեղման, այլացման և պղծման համար։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Մոսկվայի անօրինական պայմանագիրը, որով խախտվել է Հայաստանի և հայության կենսական ազգային շահը։ Մոսկվայի պայմանագիրը դուռ է բացել նախիջևանահայության շարունակական կորուստների համար, որի արդյունքն այսօր ամբողջությամբ հայաթափված Նախիջևանն է՝ որպես ֆեոդալական տիրույթ կցված Բաքվի բռնապետական վարչակարգին ու սերտաճած կլանային կառավարմանը»։

  • Կիսվել: