Արամ Ազատյանի և մյուսների գործը մեղադրյալ կողմի փաստաբաններն իրավաբանական անհեթեթություն են որակում (տեսանյութ)
Երեկ հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և մյուսների գործով դատական նիստը։ Մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ինչից հետո բոլոր մեղադրյալները հայտարարեցին, որ չեն ընդունում մեղադրանքը, իսկ փաստաբանները նշեցին, որ մեղադրանքն իրականության հետ կապ չունի և առանց մտքի բառերի շարան է հիշեցնում։
Մեղադրյալների փաստաբանները հանդես եկան բացման խոսքով։
Գործով մեղադրյալ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանի փաստաբան Սամվել Ջաղինյանը, խոսելով մեղադրանքի անհիմն լինելու մասին, նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքում հստակ նշված է՝ մեղադրյալն իրավունք ունի իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ստանալ պարզաբանումներ։
«Այս մասով հայտարարությունը կատարվել է, մեղադրանքն առաջադրվելուց հետո երբևէ չի պարզաբանվել մեղադրանքը։ Պաշտպանության կողմը դիմել է քննիչին՝ դա իրենց պարտականությունն է՝ պետք է պարզաբանեն, իսկ այդ պարզաբանումը չի կատարվել։ Սկզբում պետք է մեղադրանքը պարզաբանել, հետո նոր հարցնել՝ մեղավո՞ր ես, թե՝ ոչ»,-ասաց Ջաղինյանը։
Նա հարց բարձրացրեց՝ ե՞րբ է վնասը պատճառվել։ «Պետք է հստակեցնել՝ երբ է վնասը պատճառվել՝ օր, ամիս, տարի։ Նշված է, թե 10 մլն-ի վնաս է պատճառվել, բայց Ազատյանն այդ ժամանակ չի պաշտոնավարել։ Այնպես է մեղադրանքը շարադրված, որ բառերի կույտ է, իմաստ չկա»,-ընդգծեց փաստաբանը։
Արամ Ազատյանի պաշտպաններից Արթուր Պիվազյանն էլ իր բացման խոսքը սկսեց նրանով, որ Արամ Ազատյանի նկատմամբ սույն գործով դատաքննությունն իրականացվել է միակողմանի՝ բացառապես մեղադրական թեքումով։
«Եթե ուսումնասիրենք Արամ Ազատյանին առաջադրված մեղադրանքների ժամանակագրությունը, պարզ կդառնա, որ դրանք փոփոխվել են ամեն անգամ այն պայմաններում, երբ պաշտպանության կողմը մեղադրանքը հերքող ապացույցներ է ներկայացրել քննիչին»,-շեշտեց նա ու օրինակներ բերեց։
Ըստ նրա՝ ամեն անգամ, երբ իրենք իրենց լիազորությունների շրջանակում մեղադրանքը հերքող ապացույց են ներկայացրել քննիչին, ենթադրել են, որ անհիմն մեղադրանքների պատճառով պետք է Ազատյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեն։
«Սակայն ամեն անգամ նախաքննական մարմինը նույն մեղադրանքն է առաջադրել և շրջանցել է այդ արդարացնող ապացույցները։ Օրինակ՝ շքամուտքերի մասով Ազատյանին մեղադրանք առաջադրվեց, թե նա կազմել է կեղծ փաստաթղթեր, հանձնում-ընդունում իրականացրել է ինքը, երբ մենք ապացուցեցինք, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին՝ նախկին թաղապետի օրոք։ Դրանից հետո նրա մեղադրանքը փոխվեց. այժմ նշվում է, թե նա հաղորդում պետք է ներկայացներ իրավապահ մարմիններին կամ վերադասին»,-բացատրեց նա։
Փաստաբանը նաև Կոմիտասի կիսանդրու մասով մեղադրանքին անդրադարձավ՝ նշելով, որ սկզբում մեղադրանք էր առաջադրվել, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չեն կազմել, իսկ ապացույց ներկայացնելուց հետո, որ արձանագրություն կազմվել է, մեղադրանքն արագ փոխվել է։
«Քրեական վարույթով հավաքված ապացույցների ողջ զանգվածում չկա մեկ ուղիղ ապացույց, որը կվկայի Ազատյանին առաջադրված չորս տարբեր ենթադրյալ հանցանքները կատարելու մասին։ Ազատյանին առաջադրված մեղադրանքներն ի սկզբանե եղել են ենթադրությունների վրա հիմնված։ Նրան առաջադրված մեղադրանքները հաստատող որևէ ապացույց գոյություն չունի։ Մեղադրանքի հիմքը կազմված է գաղտնալսումներով արված խոսակցությունների հիման վրա, որոնց բովանդակությունը նախաքննական մարմինը չի էլ փորձել պարզել»,- նկատեց նա։
Պիվազյանը շեշտեց, որ դատաքննության փուլում Ազատյանի անմեղությունը կհիմնավորեն բոլոր այն ապացույցներով, որոնք դատարանը գտել է, որ պետք է հետազոտվեն։ «Նրան առաջադրված մեղադրանքներն ի սկզբանե անհիմն են, և դատարանը պետք է կայացնի արդարացման որոշում»,- իր խոսքը եզրափակեց նա։
Ազատյանի մյուս փաստաբանն էլ՝ Արման Բայադյանը, ընդգծեց, որ մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլ նաև անիմաստ ու անտրամաբանական, իսկ մի շարք դեպքերում՝ զավեշտալի։
«Զավեշտը հասնում է այն աստիճանի, որ կաշառք ստացող անձը հանդիսանում է քանդակագործը։ Ես չգիտեմ՝ մենք իրավաբանության որ փուլում ենք՝ գահավիժում, բայց ստիպված ենք պաշտպանվել այս անտրամաբանական մեղադրանքից»,-ասաց նա։