կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանը ձախողած քաղաքական գործիչ է․ Սուրեն Սահակյան

Լևոն Տեր-Պետրոսյանը ձախողած քաղաքական գործիչ է․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱԿ-ում ընկերներ ունեմ, որոնց հետ հաճույքով եմ բանավիճում, երբեմն՝ տարբեր հարցերով համագործակցում։ Այդ դրական աուրան անմիջապես վերանում է, երբ խոսք է գնում Լևոն Տեր-Պետրոսյանի 1991-2021 թվականներին վարած քաղաքականության մասին։ Իռացիոնալ է, երբ նրան ներկայացնում են որպես հմուտ քաղաքական գործիչ, մեծն մտածող, որ կարողանում է կանխատեսել ապագան և «շախմատային» կոմբինացիաներով հասնել իր ցանկալի արդյունքին։ Ես ասում եմ, որ նա ձախողած քաղաքական գործիչ է։ Դատեք ինքներդ․

1․ 1991թ․ 83,4% վստահության քվեով ընտրված և պատերազմում հաղթած երկրում նախագահն ընդամենը 4 և 5 տարի հետո ստիպված եղավ կեղծել ընտրություններ։ Հեղափոխական ներուժի մսխման այսպիսի արագության հարցում նա մրցակիցներ չունի։

2․ 1995թ․ խորհրդանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի կեղծումը, որը հիմք դրեց հաջորդ տարվա կեղծիքներին։ Սահմանադրության քվեարկությունը վերածվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վստահության հանրաքվեի և ստիպված կեղծվեց՝ հանրության մեջ առաջացնելով սահմանադրությունը որպես անիմաստ թուղթ ընկալելու համոզմունք։

3․ 1996թ․ խայտառակ կեղծված ընտրություններ, կրակոցներ Բաղրամյան պողոտայում, ուժային դիրքերից հանրային իշխանության զավթում, ինչը հիմք դրեց, որ դրանից հետո որևէ ընտրություն այլևս արդար և ազատ չհամարվեց և լեգիտմացվեց ուժի և բռնության կիրառումը քաղաքական հարցերում։
 

4․ 1998թ․ խուսափեց պատասխանատվությունից ու հրաժարական տվեց՝ ակնհայտ դարձնելով, որ ինքը տեղի կտա քիչ թե շատ լուրջ ցանկացած ճնշման (սրա մասին կարդա նաև հաջորդիվ)։

5. 2008-ին նա ակտիվացավ, հիմք դնելով այն սև-սպիտակ քարոզարշավին, հանրության մեջ այն ջրբաժանների անցկացմանը, որից մինչ այժմ բառացիորեն տառապում է հանրությունը, որովհետև նրա հոգեզավակներն էլ 2008-ի դասերը լավ սերտել էին։ Այստեղ նույնպես նա ցուցաբերեց անհետևողական և անսկզբունքային քաղաքականություն, ճնշման տակ արագորեն նահանջելու հմտություն։ Հետագայում պարզվեց, որ չնայած ժողովրդի տարբեր թևեր թշնամացան միմյանց հետ, եղան զոհեր, սակայն նորմալ է, որ ՔՌ և ՍՍ հետ կարելի է հանգիստ շախմատ խաղալ, սուրճ խմել, հիվանդանալու դեպքում քաղաքավարության հեռախոսազանգեր կատարել և խոսել միասնական դաշինքներով ընտրությունների մասնակցելու մասին։

6․ 2011թ․ Ազատության հրապարակի «վերանվաճման» պրոցեսը, որը բերեց ՀԱԿ-ի տրոհման, վարկանիշի անկման և անփառունակ նահանջի ևս մի օրինակ դարձավ։

7․ 2015թ․ «բուժուա-դեմոկրատական հեղափոխության» անփառունակ վախճանը, երբ անձամբ ԼՏՊ գործունեության հետևանքով և մինչ այժմ ԲՀԿ-ն լեգիտիմացվեց, որպես «ընդդիմադիր» կուսակցություն, իսկ գործընթացը տապալվեց։

8․ 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2012թ․-ին 7,08% վստահության քվեով խորհրդարան անցած ՀԱԿ-ը հեռատես քաղաքական գործիչ, ապագան կանխատեսող մարգարե, քաղաքական ինտրիգների վարպետ Լևոն Տեր-Պետրոսյան առաջնորդի պատճառով 2017թ․-ին ստացավ 1,65% քվե և տեղ բացվեց «ԵԼՔ» դաշինքի՝ «ոչմիթիզական ազգակործան պատուհասների» համար՝ ԱԺ-ից դուրս թողնելով «ողջախոհության ճրագը»։

Ես դեռ չեմ խոսում այն բացասական ազդեցության մասին, որ նրա գործունեությունը, մտածողության ձևը թողել է հայ քաղաքական մտքի վրա։ Այս առումով, իհարկե, որոշակի լավ ազդեցություն նույնպես եղել է, բայց դրանք ավերիչ ազդեցության, տարիներով քաղաքականության մենաշնորհման հետ համեմատության եզր չունեն։ Այնտեղ, որտեղ, մի ակնթարթ նոր առողջ քաղաքական մտքի և ուժի զարգացման հնարավորություն է եղել, հայտնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր «միակ ճշմարիտը» սինդրոմով և փորձել չեզոքացնել դրա հնարավորությունը։
 
Ամփոփելով պնդեմ, որ քաղաքական գործընթացները, որոնք հարուցել և/կամ առաջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմնականում ավարտվել են նրա պարտությամբ, ժողովրդի աճող հիասթափությամբ։ Ինչի մեջ նա խառնվել է, վերաճել է ատելության և հանրային համերաշխությունը մերժող երևույթների՝ իրենց հետագա բարդացումներով ու ավերիչ հատկությամբ։ Այսքանից հետո պնդել, թե նա մարգարե է, քաղաքական մտքի տիտան է կա՛մ անտեղյակության, կա՛մ էլ իռացիոնալ մտածողության հետևանք է։ Ահա այստեղ է, որ ՀԱԿ համակիրների հետ մեր ընդհանուր գծերն ավարտվում են և սկսում են իռացիոնալ ու անիմաստ բանավեճերը։
 

Հ․Գ․ Խնդրում եմ ՀԱԿ այն անդամներին և համակիրներին, որոնք ունակ չեն տարանջատել ՀԱԿ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանին, մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում։

Լավ կլինի, որ հաջորդ խոսակցությունը լինի գործող կառավարությանը ՀԱԿ համակիրների ու անդամների ներառման և քննադատության ու ողջամտության խոսքը 3 տարի շարունակ լռեցնելու վերաբերյալ։

Իսկ դրանից հետո կարելի է անդրադառնալ ՀԱԿ հռչակած «իրատեսական» լուծումների անիրատեսականությանը։ Այնպես, որ հորդորում եմ համերաշխ լինել, ընդունել քննադատությունը և չվիրավորել միմյանց»։

  • Կիսվել: