երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Կոչ ենք անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա. Միրզոյանը՝ «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման ժամանակ

Կոչ ենք անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա. Միրզոյանը՝ «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման ժամանակ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ելույթում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Բարձր եմ գնահատում «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական այս հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը:

Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում:

COVID-19 համավարակը շարունակում է խոչընդոտել գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու և մինչև 2030թ․ կայուն զարգացման նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերը:

Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունն ունի համավարակի դեմ պայքարի և վերջինիս տարածումն ամբողջ աշխարհում զսպելու գործիքակազմը` ապահովելով պատվաստանյութերի գլոբալ հասանելիությունը և իրականացնելով պատվաստումների արշավներ: Հայաստանը խորապես համոզված է, որ պատվաստանյութերի հասանելիությունը պետք է լինի անաչառ և արդար, քանի որ դրանք իսկապես գլոբալ հանրային բարիք են, և միայն պատվաստումների միջոցով մենք կկարողանանք հաղթահարել դեռևս մոլեգնող այս համավարակը:

COVID-19 համավարակը ծանր ազդեցություն է ունեցել յուրաքանչյուր պետության վրա՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը և խաթարելով անվտանգության միջավայրը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում:

Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից:

Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում:

Շնորհակալություն»:

  • Կիսվել: