Փարիզում ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար
Փարիզի ոստիկանությունը կրկին կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ՝ Հանրապետության հրապարակում ցուցարարներին ցրելու համար։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը չարտոնված ցույցի մասին է, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Նրանք փողոց են դուրս եկել՝ ի պատասխան սոցիալական ցանցերում տարածվող կոչերի՝ շարունակելու բողոքի ակցիաները։
Հրապարակում հիմնականում սև հագուստով երիտասարդներ են, որոնք դիմակներով թաքցնում են դեմքերը։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ակցիաներին մասնակցել էր 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ն հայտնել էր 550 հազարի մասին։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել էր ամբողջ երկրում ավելի քան 2 հազար մարդու ձերբակալության մասին և խոստացել, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերին ու թալանին մասնակցած բոլոր անձանց։



