Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա
Ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին ներողություն խնդրել երկրի բնակիչներից անկարգությունների համար և հրաժարական տալ։ Նա նաև խիստ քննադատել է պետության ղեկավարի ուղերձը ժողովրդին՝ նրա ելույթը անվանելով «ցավալի»։
«Մենք հատուցում ենք տասնամյակների հանդուրժողականության, հեղինակության կորստի, մեր ներքին անվտանգության ուժերի բարոյական և նյութական թուլացման համար», — հայտարարել է Բարդելան։ Ըստ նրա, Ֆրանսիան պետք է սթափվի և կատարի ճիշտ քաղաքական ընտրություն։
Ավելի ուշ, մեկնաբանելով Մակրոնի ելույթը, «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը գրել է, որ ներկայիս իշխանությունը դրսևորում է վախկոտություն և շփոթվածություն և այլևս ոչինչ չի կարող առաջարկել ֆրանսիացիներին։
«Այս վախկոտ և ապակողմնորոշված իշխանությունն այլևս ոչինչ չունի, որ կարողանա ասել ֆրանսիացիներին, այլևս ոչինչ չունի նրանց առաջարկելու։ Այն այլևս նույնիսկ ի վիճակի չէ պաշտպանել նրանց», — հայտարարել է Բարդելան։
Քաղաքական գործչի հայտարարությունները հնչել են Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին։ Ժողովրդին ուղղված իր ուղերձում Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել ջարդարարներին, պահանջել վնասի հատուցում և միաժամանակ ընդունել է քաղաքացիների մտահոգությունների հիմնավորվածությունը՝ կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ։



