երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Միրզոյանը ելույթով հանդես է եկել «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Միրզոյանը ելույթով հանդես է եկել «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բացման ելույթով է հանդես եկել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անցկացված «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: 

Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ: 

«Ձերդ գերազանցություններ, 

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Ինձ համար պատիվ է այսօր ելույթ ունենալ այս հարգարժան լսարանի առջև։

Մենք հանդիպում ենք մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունը, անցնում է փորձության միջով՝ պայմանավորված աստիճանաբար մասնատվող աշխարհի նոր իրողություններով։

2009թ. իր հիմնադրումից ի վեր Արևելյան գործընկերության հիմքում ընկած է եղել այն մոտեցումը, որ Եվրոպական միության հետ առավել սերտ փոխգործակցությունը կարող է նպաստել ԵՄ արևելյան հարևանությունում ժողովրդավարության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ միաժամանակ ընդունելով, որ արևելյան գործընկեր վեց երկրները պարտադիր չէ, որ ունենան միևնույն ձգտումները կամ առաջնահերթությունները։

Սակայն գրեթե երկու տասնամյակի ընթացքում աշխարհաքաղաքական, անվտանգային և հասարակական խորքային վերափոխումներն էապես փոխել են Արևելյան գործընկերության գործունեության միջավայրը, իսկ նախաձեռնության մասնակից վեց երկրները որդեգրել են քաղաքական զարգացման և եվրոպական ինտեգրման տարբեր ուղիներ։ Այս զարգացումներն անխուսափելիորեն հարցականի տակ են դրել գործընկերության միասնական մոդելի հիմքում ընկած սկզբնական հայեցակարգը:

Հիմնարար հարցն այն է, թե ինչպես կարող է Արևելյան գործընկերությունը պահպանել իր արդիականությունը, արդյունավետությունն ու հավակնոտությունը հիմնովին փոփոխված քաղաքական միջավայրում։

Այս համատեքստում ցանկանում եմ ներկայացնել Հայաստանի առանձնահատուկ մոտեցումը՝ երեք հիմնական դիտարկմամբ:

  • Առաջին. Արևելյան գործընկերությունը պետք է շարունակի առանձնահատուկ կարևորություն տալ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը։

Հայաստանի տեսանկյունից Արևելյան գործընկերության կարևորագույն ձեռքբերումներից մեկը ժողովրդավարական կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման գործում ունեցած ներդրումն է։ Այս բարեփոխումները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանին մոտեցնում են եվրոպական չափանիշներին, այլև ուղղակիորեն ամրապնդում են մեր պետական ինստիտուտների դիմակայունությունը, արդյունավետությունն ու լեգիտիմությունը։ Հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դարաշրջանում ամուր և հաշվետու ինստիտուտներն ինքնին ռազմավարական նշանակության ռեսուրս են։

  • Երկրորդ. Հայաստանի փորձը վկայում է Եվրոպական միության հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում յուրաքանչյուր գործընկեր երկրի ձգտումներն ու հավակնությունների մակարդակը հաշվի առնելու կարևորության մասին։

Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր Հայաստան-ԵՄ հարաբերություններն էական առաջընթաց են արձանագրել, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետևողական իրականացման միջոցով։ Մեր գործընկերությունն առավել հավակնոտ բնույթ ստացավ 2025թ. դեկտեմբերին, երբ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը՝ ընդլայնելով համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ անվտանգության և դիմակայունության, փոխկապակցվածության, էներգետիկայի, շարժունակության և ոլորտային ինտեգրման ուղղություններով։

Մեր եվրոպական ձգտումներն ստացել են նաև իրավական և քաղաքական ձևակերպում։ 2025թ. մարտին Հայաստանն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ 2026թ. մայիսին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հարաբերությունների աճող ռազմավարական նշանակությունը։ Գործնական հարթությունում 2023թ.-ից ի վեր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է Ադրբեջանի հետ մեր սահմանին կայունության ապահովմանը, իսկ ԵՄ գործընկերության նոր առաքելությունն աջակցում է ապատեղեկատվության, հիբրիդային սպառնալիքների և կիբեր վտանգների նկատմամբ մեր դիմակայունության ամրապնդմանը։

Արձագանքելով մեր հավակնություններին՝ Եվրոպական միությունը զարգացնում է Հայաստանի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն։ Թեև Հայաստանը դեռևս չունի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իրականացվում է Հայաստանի Դիմակայունության և աճի ծրագիր։ Միաժամանակ, առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում, իսկ վերջերս ԵՄ կողմից ընդունված առևտրային ինքնավար միջոցները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման համար։

  • Երրորդ. Արևելյան գործընկերության ապագան պետք է հաշվի առնի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և փոխկապակցվածության փոփոխվող միջավայրը։

Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ Արևելյան գործընկերության մեկնարկի ժամանակ։ 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը Հարավային Կովկասում ձևավորել է նոր իրողություն, որը հնարավորություններ է ստեղծում առավել խաղաղ, փոխկապակցված և փոխկախված տարածաշրջանի ձևավորման համար։

Վաշինգտոնյան հռչակագրով նաև սկիզբ է դրվել ԹՐԻՓՓ նախաձեռնությանը, որը, բացահայտելով տարածաշրջանի տնտեսական, տարանցիկ և էներգետիկ ներուժը և ապահովելով Եվրոպայի ու Ասիայի միջև հուսալի փոխկապակցվածություն, կարող է նպաստել նաև տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը։

Տարածաշրջանի ներուժի բացահայտումն ու իրացումը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին համահունչ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը կարող են նպաստել Եվրոպայի և նրա արևելյան հարևանների միջև կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով եվրոպական հարևանությանը հարմարվելու էապես փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններին։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոններն ու վերափոխումները՝ Հայաստանի փորձը վկայում է, որ Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ՝ հարևանության ընդհանուր շրջանակից վերափոխվելով ճկուն հարթակի, որը հնարավորություն կտա փոխկապակցելու եվրոպական ինտեգրման տարբեր ուղիները, հաշվի առնելու տարբեր ձգտումներն ու եվրոպական ինտեգրման ձևաչափերը՝ միաժամանակ իր առանցքում պահպանելով ժողովրդավարական սկզբունքները, համագործակցությունը, փոխկապակցվածությունն ու դիմակայունությունը։

Ի վերջո, վերաիմաստավորված Արևելյան գործընկերության նպատակը պետք է լինի ոչ թե անցյալի իրողություններին համապատասխան ձևավորված մոդելի պահպանումը, այլ ներկայիս հնարավորությունների լիարժեք իրացմանը միտված այնպիսի շրջանակի ձևավորումը, որը բավականաչափ ճկուն կլինի տարբեր ուղիներն ու մոտեցումները հաշվի առնելու և միաժամանակ բավականաչափ հավակնոտ՝ մեր տարածաշրջանների միջև փոխկապակցվածությունն ապահովելու համար։

Շնորհակալություն»։

 

  • Կիսվել: