Իրանի հայտարարությունները շատ կարևոր են, և նման ակտիվությունը միայն ողջունելի է. ԱԺ նախագահ
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Զանգեզուրի միջանցքի» կառավարումն այլ երկրի կազմակերպությանը հանձնելու վերաբերյալ ԱԳ փոխնախարարի հայտարարությանը: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք դա չի՞ վնասում ՀՀ սուբյեկտայնությանը, նա ասաց.
«Բոլոր պայմանավորվածությունները հայելային տրամաբանության մեջ են քննարկվում: Երկրորդը՝ նման փորձ՝ հանձնելու որևէ այլ կազմակերպության, կա և գոյություն ունի, և եթե նման բան տեղի ունենա, դա տեղի է ունենալու ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Եթե տեղի ունենա՝ տրամաբանական է, որ նոր է, այս մի քանի տարի է՝ ինչ ավարտվել է այս հակամարտությունը տաք առումով, և բնական է՝ շատ ավելի կոմֆորտ կլինի, որ անցնելիս, եթե զննում է տեղի ունենում, լինի ինչ-որ միջնորդ: Եթե դա արվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան, եթե դա արվում է ՀՀ դրոշի ներքո և ՀՀ օրենքներով, ի՞նչ ինքնիշխանության զիջման մասին է խոսքը. տասնամյակներ շարունակ մեր օդանավակայանում ռուս սահմանապահներն էին կանգնած: Հիմա էլ Թուրքիայի և Իրանի սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած, և այս առումով մենք նույնպես մտածելու բան ունենք: Դա ուղղակի կարծիք է, դա ուղղակի առաջարկ է, որը քննարկման փուլում է»,- նշեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Իրանի պաշտոնյաները տարբեր մակարդակներով տարբեր հայտարարություններ են հնչեցնում և կոչ են անում Ադրբեջանին և Ռուսաստանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, թե արդյոք այդ ակտիվությունը չի՞ ենթադրում Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծման հնարավորություն, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Ես չգիտեմ՝ դրանով պետք է մենք եզրակացություն անենք, թե՞ ոչ, ես մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը, հնարավոր է՝ ագրեսիա կիրառի ՀՀ նկատմամբ, և մշտապես այդ տրամաբանությամբ եմ շարժվում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ողջունել նշված հայտարարությունները և ասել, որ Իրանի Հանրապետության այդ հայտարարությունները շատ կարևոր են, և նման ակտիվությունը միայն ողջունելի է»: