Հիմա վաղ է խոսել. Սերժ Սարգսյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին
Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռ 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման: Այս մասին այսօր ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ընտրակաշառքի մեղադրանքով ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի տարբեր ներկայացուցիչների ձերբակալությանը՝ Սարգսյանն ասաց. ՛՛Ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորումով լցված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն: Անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, որոնք, ի միջի այլոց, դատական ակտերով հաստատվել են և այսպես շարունակ՛՛:
Նա նշեց, որ առավոտից հետևում են իրադարձություններին, հնարավոր է՝ օրվա ընթացքում միջանկյալ հայտարարություն անեն, իսկ հիմնական հայտարարությունը կլինի քվեարկության ավարտից անմիջապես հետո:
Սարգսյանն անդրադարձավ նաև ընտրություններից հետո ՛՛Հայաստան՛՛ դաշինքի հետ համագործակցության հնարավորությանը: Այդ առնչությամբ նա ընդգծեց, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է: ՛՛Ընտրությունների արդյունքներից հետո դրա մասին կխոսենք: Հիմա վաղ է խոսել՛՛,-ասաց Սերժ Սարգսյանը: