շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ սահմանային կետերում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, էականորեն կկրճատվեն սահմանի հատման ժամկետները

ՀՀ սահմանային կետերում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, էականորեն կկրճատվեն սահմանի հատման ժամկետները

Հայաստանը պետական սահմանին տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը օպտիմալացնում է և ներդնում է «մեկ պատուհանի սկզբունքը։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ այս պահին հինգ մարմին է ներկայացված պետական սահմանում՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, Ոստիկանությունը և տրանսպորտային գործառույթի մասով նախատեսվել էր նաև տեսչական մարմնի ներկայությունը։

«Փոփոխություններից հետո սահմանային կետում կմնա երկու մարմին՝ Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխմամբ կիրականացնեն սահմանային կետում վերահսկողությունը։ Մասնավորապես, մաքսային մարմինը կիրականացնի մաքսային գործառույթները և ՍԱՏՄ-ի մասով փաստաթղթային հսկողությունը,  ՍԱՏՄ-ի կողմից այլ անհրաժեշտ հսկողությունները կիրականցվեն արդեն ՀՀ պետական սահմանից ներս։ Բնականաբար, մյուս մարմինների գործառույթները կբաշխվեն մաքսային մարմնի և ԱԱԾ սահմանապահ զորքերի միջև»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝  նախագծի փաթեթի նպատակն է, որպեսզի մեկ անձը փաստաթղթերի մեկ փաթեթը հանձնի մեկ պետական մարմնի և ստիպված չլինի պետական սահմանի անցման կետը անցնելիս դիմել տարբեր պատուհաններին, նույն փաստաթղթերի փաթեթով իրականացվի կրկնակի հսկողություն կամ այնպիսի հսկողություն, որը փաստաթղթային մակարդակով կարող է իրականացվել մեկ մարմնի կողմից։

«Նշեմ, որ այսօր օրակարգում ընդունեցինք չզեկուցվող երկու հարց, որոնք վերաբերվում էին  նախնական հայտարարագրման դեպքում մաքսատուրքի հետաձգմանը և ավտոմատացված բացթողնմանը։ Թե զեկուցվող, թե չզեկուցվող նախագծերի ընդունման նպատակը հետևյալն է, որպեսզի սահմանային կետի հատումը տնտեսվարողի կողմից իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում»,- ընդգծեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նաև ներկայացրեց, թե նախքան հայտարարագրման համակարգի գործարկումը ինչ իրավիճակ էր և ինչ իրավիճակ է հիմա։

 «Սահմանային կետ հասնելուն պես տնտեսվարողը սահմանային կետը հատում էր մի քանի ժամերի ընթացքում, որից հետո տարանցման հայտարարագրով հասնում էր տերմինալ և հետագա բոլոր գործառույթները իրականացնում էր տերմինալում։ Այսինքն՝ միջինում 2-3 օր տնտեսվարողը ծախսում էր ներմուծման գործընթացի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա։ Հիմա մենք ունենք 13 սուբյեկտ, ովքեր օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից և ունենք աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը։ Արդյունքում՝ 20 դեպքով արդեն գործընթացը տևում է 2-3 օրվա փոխարեն 2-3 ժամ։ Եվ ամենառեկորդային ժամաքանակը բացթողնման դեպքում կազմել է 32 րոպե։ Հիմա աշխատանք է տարվում այս համակարգը լայնորեն կիրառելու համար և, երբ Ազգային ժողովում ընդունվելուց հետո զեկուցվող հարցերի փաթեթը մտնի ուժի մեջ, կունենանք էտալոնային մոդելով աշխատող սահմանային կետ, այս 2-3  ժամը կրկին կկրճատվի մի քանի անգամ։ Արդյունքում կունենանք ծախսերի խնայողություն տնտեսվարողների համար և ժամանակի խնայողություն։ Նշեմ, որ տերմինալներում, օրինակ՝ միջինում 25 հազարից մինչև 200 հազար դրամ կարող էին ծախսել 2-3 օրվա ընթացքում։ Իսկ հիմա 2-3 ժամվա ընթացքում սահմանային կետից ապրանքը բաց է թողնվում»,- եզրափակեց Բադասյանը։

  • Կիսվել: