ՀՀ նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։
Ելույթում մասնավորապես նշված է. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսպանիայի կառավարությանը այս կարևոր միջազգային միջոցառումն անցկացնելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։
Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհը բախվում է աննախադեպ դժվարությունների, առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը, դրսևորել համերաշխություն և ամուր քաղաքական կամք՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործման ուղղությամբ:
Տասը տարի առաջ, հիմնվելով Մոնտերեյում և Դոհայում ձեռք բերված հանձնառությունների վրա, մենք ընդունեցինք հավակնոտ և համապարփակ փաստաթուղթ՝ Ադիս Աբեբայի գործողությունների օրակարգը, որը ձևավորում էր գլոբալ ֆինանսական համակարգի վերափոխման ուղենիշներն ու գործիքները՝ «ոչ ոքի չմոռանալու» սկզբունքով։ Սակայն, նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ, այսօր էլ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։
Վերջին տարիներին ի հայտ եկած գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են՝ COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխության աճող ազդեցությունը, աշխարհաքաղաքական լարվածության սրումը, հակամարտությունների ավելացումը, լուրջ բացեր բացահայտեցին Ադիս Աբեբայի Գործողությունների օրակարգում՝ պահանջելով անհապաղ քայլեր՝ միջազգային ֆինանսական համակարգի շարունակական բարեփոխման և նոր իրողություններին հարմարվելու ուղղությամբ։ Զարգացմանն ուղղված պաշտոնական աջակցության նվազումը կործանարար հետևանքներ է ունեցել զարգացող երկրների համար՝ վտանգելով նրանց ձեռք բերած առաջընթացը։
Գլոբալ զարգացման օրակարգում ի հայտ եկած մտահոգիչ միտումները հատկապես ուժեղ հարված են հասցնում հատուկ կարգավիճակ ունեցող երկրներին՝ ամենաքիչ զարգացած երկրներին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին, որոնց համակարգային խոցելիությունները խոչընդոտում են Կայուն զարգացման նպատակների իրագործումը։
Դժվարություններ են ունենում նաև միջին եկամուտ ունեցող երկրները, որոնք հաճախ հայտնվում են այդպես կոչված «միջին եկամտի թակարդում»՝ գործող միջազգային ֆինանսական համակարգի թերությունների հետևանքով։
Թույլ տվեք օրինակ բերել իմ երկիրը՝ Հայաստանը։ Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին։ Միևնույն ժամանակ, այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների. Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանված 115.000 փախստականների հոսք, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 4 տոկոսը, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին և արժեքային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը հարկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը՝ ի հաշիվ հումանիտար, կլիմայի փոփոխությունների մեղմացման և կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։
Այս համատեքստում մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են նպատակային և գործուն քայլեր՝ հաղթահարելու գոյություն ունեցող անհավասարությունները և միջազգային ֆինանսական համակարգի բացերը։ Հայաստանը վճռականորեն պաշտպանում է ՀՆԱ-ից դուրս լրացուցիչ չափորոշիչների ներմուծումը, նշանային ֆինանսավորումից կախվածության նվազեցումը և ՄԱԿ-ի զարգացման համակարգի կարողությունների հզորացումը՝ խոցելի իրավիճակում գտնվող երկրների և մարդկանց կարիքներին ժամանակին ու արդյունավետ արձագանքելու համար։
Միջազգային հանրության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, լավ կառավարման խթանմանը, թափանցիկության ապահովմանը և օրենքի գերակայության պահպանմանը, կարևոր է հատուկ կարգավիճակ ունեցող և միջին եկամուտ ունեցող երկրներին կայուն զարգացման ուղի վերադարձնելու համար։ Անհրաժեշտ է ապահովել հավասար և արդար մուտք դեպի նոր տեխնոլոգիաներ, հաղթահարել թվային մեկուսացումը և մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման խնդիրները լուծելու համար։ Որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հաջորդ տարվա նախագահող` Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման բացերը լրացնելու համար։
Հայաստանը ողջունում է Եզրափակիչ փաստաթղթի շուրջ ձևավորված կոնսենսուսը, որը վկայում է բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ համագործակցելու, խոստումները և հանձնառությունները իրական գործողությունների վերածելու և իրական փոփոխություններ ապահովելու համար։
Մենք հուսով ենք, որ «Սևիլիայի համաձայնագիրը» (Compromiso de Sevilla) իր հեռանկարային հանձնառություններով նոր թափ կհաղորդի միջազգային հանրության ջանքերին՝ բարեփոխելու միջազգային ֆինանսական համակարգը, բարձրացնելու դրա դիմակայունությունն ու արդյունավետությունը և ֆինանսական ռեսուրսներն առավել մատչելի ու հասանելի դարձնելու առավել խոցելի խմբերի համար։
Մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ քննարկումներ»: