երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Հայկական ժամանակ»․ Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցներին առաջարկվել է 2 համաձայնագիր ստորագրել վարկերի, ալիմենտների եւ այլնի մասին

«Հայկական ժամանակ»․ Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցներին առաջարկվել է 2 համաձայնագիր ստորագրել վարկերի, ալիմենտների եւ այլնի մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի պետական համալսարանը աշխատակիցների ստորագրմանն է ներկայացրել 2 համաձայնագիր, որոնք, ըստ դասախոսների ու աշխատակիցների, խախտում են ոչ միայն իրենց անձնական կյանքի գաղտնիությունը, այլ նաեւ դեմ են աշխատանքային օրենսգրքին ու հակասում են տեղեկատվության ազատության մասին օրենքին: «ՀԺ»-ի ձեռքի տակ են հայտնվել նշված համաձայնագրերը: Դրանցից մեկով պահանջվում է ի թիվս այլ պահանջների, ներկայացնել նաեւ տեղեկատվություն ֆինանսական կարողությունների, եկամուտների, կենսաթոշակային հատկացումների, հարկերի, պարգեւավճարների, ալիմենտների, վարկային պատմության, ավանդների, նյութական օժանդակության, բանկային տվյալների, հարկային ռեզիդենտության կարգավիճակի մասին, սոցիալական ծառայությունների համարը, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, փոխադրամիջոցները եւ այլն: 2-րդ համաձայնագրի կետերից մեկով ասվում է. «Աշխատողի կողմից իր աշխատանքային գործառույթներին առնչվող տեղեկատվության ցանկացած ձեւով հաղորդումը երրորդ անձի կարող է դիտարկվել իբրեւ կարգապահական խախտում»: Վարչական մասի աշխատակիցներին, ինչպես նաեւ լաբորանտներին, ամբիոնների վարիչներին համաձայնագրերը ներկայացվել է այն ժամանակ, երբ դասախոսական կազմը գտնվել է արձակուրդի մեջ: Գրեթե բոլորը ստորագրել են համաձայնագիրը: Դասախոսական կազմին համաձայնագիրը ներկայացվել է նախորդ շաբաթ: Դասախոսներից 4-ը դեմ են արտահայտվել՝ վերջում գրավոր հայտնելով իրենց անհամաձայնությունը ներկայացրած համաձայնագրերին:

Դեմ արտահայտված դասախոսներից մեկն էլ ՎՊՀ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Տարոն Դանիելյանն է, որը խոսելով ներկայացրած համաձայնագրից, ասաց, որ կոնկրետ ինքը չի ստորագրել համաձայնագրի տակ, քանի որ դա խախտում է իրենց անձնական կյանքի գաղտնիությունը. «Ստորագրելով ներկայացրած համաձայնագիրը, բացի մի շարք պարտավորություններից, ես պարտավորվում եմ համալսարանի գրավոր պահանջով տրամադրել «այլ անձնական տվյալներ», այդ այլ բառի տակ ամեն ինչ կարող է ներառվել, օրինակ՝ պահանջի իմ ընկերոջ կամ ընկերուհու անունը, որը չասելու դեպքում նկատողություն կստանամ: Ես խոսել եմ նաեւ մասնագետ-իրավաբանների հետ, որոնք հորդորել են չստորագրել թղթի տակ: Հաջորդ համաձայնագրում ասվում է՝ աշխատողի կողմից իր աշխատանքային գործառույթներին առընչվող տեղեկատվության ցանկացած ձեւի հաղորդումը 3-րդ անձին կարող է որակվել իբրեւ կարգապահական խախտում: Սա նշանակում է, որ ես պարզապես իրավունք չունեմ ձեզ ասել, որ՝ ես գրականության դոցենտ եմ, սրա համար կարող են նկատողություն տալ ինձ, կամ ասենք լրագրության բաժնում քանի ուսանող կա: Սա շատերը ստորագրել են: Մեզ ներկայացվել է նախորդ շաբաթ, իսկ մյուսներին այն ժամանակ, երբ դասախոսական կազմը արձակուրդում է եղել: Ստորագրողներից շատերը չեն էլ նայել՝ ինչի տակ են ստորագրում: Երբ մենք մի քանի հոգով աղմուկ բարձրացրինք, անգամ ստորագրածները դեմ արտահայտվեցին համաձայնագրի գոյությանն ու դրա մեջ գրվածին»,- ասաց Տարոն Դանիելյանը, նշելով, որ ռեկտոր Ռուստամ Սահակյանը կարդալով իրենց գրառումը համաձայնագրի տակ, հանդիպել է իրենց հետ ու խոստացել հետ կանչել համաձայնագիրը: Դանիելյանը չկարողացավ հստակ ասել՝ այն արդեն հետ է կանչվել, թե դեռեւս ոչ. «Մենք մի քանի հոգով համաձայնագրի տակ գրեցինք, որ սա հակասում է աշխատանքային օրենսգրքին, խախտում է անձնական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաեւ դեմ է տեղեկատվության ազատության մասին օրենքին: Ռեկտորը կարդացել ու հանդիպման էր կանչել մեզ»:

  • Կիսվել: