հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ-ում քննարկվել են մի շարք համաձայնագրեր

ԱԺ-ում քննարկվել են մի շարք համաձայնագրեր

Ազգաին ժողովի նոյեմբերի 16-ի նիստում քննարկվել են մի շարք համաձայնագրեր: Կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է 2019 թ.: Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության խթանման, ինչպես նաև բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար թափանցիկ, համապարփակ միջոցների ապահովման անհրաժեշտությամբ:

««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ևս ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել է 2020 թ. մայիսի 29-ին: Համաձայնագրով կողմերը կհիմնադրեն ԱՊՀ ցանցային համալսարան:

Փաստաթղթերի վերաբերյալ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը եղել է դրական:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է նաև ««Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է բարելավել քրեական գործերով փոխադարձ օգնության, ներառյալ՝ իրավական օգնության որոշակի ձևերի մասով երկու երկրների միջև համագործակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

 

  • Կիսվել: