ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Հայկական կողմի ցանկությունն է՝ հնարավորինս արագ ներգրավվենք Թուրքիայի հետ բովանդակային բանակցությունների մեջ. հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ. Ռուբինյան

Հայկական կողմի ցանկությունն է՝ հնարավորինս արագ ներգրավվենք Թուրքիայի հետ բովանդակային բանակցությունների մեջ. հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ. Ռուբինյան

Թուրքիայի բանագնացի հետ առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց թե ինչպես կընթանա գործընթացն ընդհանրապես, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողական շարունակականությունից։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչն է:

«Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից։ Հայկական կողմի ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, իսկ դա առաջին հերթին սահմանի բացումն է», - ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե հայկական կողմը կոնկրետ առաջարկություններ է ներկայացրել դեմարկացիայի և դելիմիտիացիայի վերաբերյալ, Ռուբինյանն ասաց, թե տեղեկություն ունի՝ ինչի մասին է խոսքը, միաժամանակ խնդրեց՝ այդ հարցով դիմել ԱԳՆ կամ կառավարություն։

«Բայց պատկերացումներն այն ծիրում են, որի մասին հրապարակային հայտարարել են մեր համապատասխան գերատեսչությունները և պաշտոնյաները», - ասաց Ռուբինյանը։

  • Կիսվել: