Հնարավոր չէ ունենալ առողջ բանակ, եթե բանակի հրամանատարությունը զբաղված է իր առանձնատները բանակի, ազգային պարկերի ու ժողովրդի հաշվին սարքելով. Արշակյան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրեց Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Հարցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ այս ամբողջ պատմությունը, իհարկե, նորություն չէ՝ պարզ է, որ համակարգային կոռուպցիան այս տեսքը ունի, սակայն նկատեց՝ մարմինդ փշաքաղվում է, երբ լսում ես դատախազի ներկայացրած հաղորդումը:
Արշակյանի խոսքով՝ այնտեղ, որտեղ ինքը ծառայել է, զարմանքով է արձանագրել, որ, օրինակ՝ չկա գրադարան, որ ենթակառուցվածքների վիճակը, մեղմ ասած, հակասանիտարական է:
«Չեմ ուզում կոպիտ ասել, բայց գոմից ոչ մի բանով չէր տարբերվում զուգարանը էն ժամանակ, երբ ես ծառայել եմ: Այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը: Եվ այսօր իր խմբակցության պոռոտախոս, չակերտավոր հայրենասերները, որոնք տարբեր որակումներ են փորձում մեզ տալ, թողել դուրս են եկել դահլիճից:
Ես կուզեի իրենց՝ Տիգրան Աբրահամյանի, Հայկ Մամիջանյանի կարծիքը լսել ներկայացվածի վերաբերյալ: Ուզում եմ հասկանալ՝ իրենք ինչ կարծիք ունեն սրա վերաբերյալ: Ասենք՝ որևէ հիմնարկում հիմնարկի ղեկավարը զբաղված լինի իր առանձնատունը սարքելով, նախապատերազմական ու հետպատերազմական վիճակում էլ սաունան ու լողավազանը վայելելով, որը կառուցվել է իր ենթակա կապշին [պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչություն - խմբ.] վարչության պետի ուղիղ մասնակցությամբ և պետության համար մրցույթ հայտարարած շինարարի միջոցներով:
Հիմա էս հիմնարկում որևէ մեկը կարո՞ղ է առողջ մտածել բանակի մասին»,- ասաց Արշակյանը:
Նրա խոսքով՝ մեծ հաշվով, հնարավոր չէ ունենալ առողջ բանակ, եթե քո բանակի հրամանատարությունը զբաղված է իր առանձնատները, շոգեբաղնիքները, լողավազանները բանակի, ազգային պարկերի ու ժողովրդի հաշվին սարքելով:
«Դա՞ է արդյոք մարտի 1-ի՝ ժողովրդին 5-6 հոգով մի տեղ չհավաքվելու հրահանգներ տալու գինը: Դա՞ են խցկել գրպանդ, լողավազանն ու շոգեբաղնիքը խցկել են գրպանդ, թուլափայ են շպրտել, որովհետև դու մարտի 1-ին ժողովրդին սպառնո՞ւմ էիր: Քոչարյանի գեներալ, դա՞ է քո ուսադիրների գինը:
Բառեր չեմ գտնում, սիրելի՛ հայրենակիցներ, արտահայտելու իմ զայրույթը, հուզմունքը, զարմանքը:
Ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք, թե ոնց են վարվել իրենք մեր երկրի հետ: Ես ուզում եմ, որ օպերատորները ցուցադրեն այս դատարկ նստատեղերը, որոնք խոսուն փաստն են այն բանի, որ դուք սրանով դառնում եք հանցակիցը էս ամեն ինչի և եղել եք: Դուք դրանով եք զբաղված՝ ձեր շեֆերի ունեցվածքը պաշտպանելով, դրա համար էլ կարծիք չունեք արտահայտելու»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքել էին ԱԺ նիստերի դահլիճը՝ չցանկանալով մասնակցել Սեյրան Օհանյանի հարցով քննարկմանը: