ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Առողջապահության ոլորտում զարգացումն արագ է տեղի ունենում, պետք է մեկտեղենք մեր ջանքերը. Ավանեսյանը՝ Մադրիդում քննարկմանը

Առողջապահության ոլորտում զարգացումն արագ է տեղի ունենում, պետք է մեկտեղենք մեր ջանքերը. Ավանեսյանը՝ Մադրիդում քննարկմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսին (AMWC2025): Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 
 
Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետների, ներդրողների և կազմակերպությունների՝ Հայաստանում առողջապահության զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով:
 
«Բժշկությունը շարժման մեջ. գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները:
 
Նախարարն իր ելույթում, ողջունելով հյուրերին, նշել է. «Առողջապահության ոլորտում զարգացումն անընդմեջ ու արագ է տեղի ունենում, և աշխարհաքաղաքական այս բարդ շրջափուլում պետք է մեկտեղենք մեր ջանքերը, խորացնենք կապերը և փոխգործակցությունը»:
 
Նախարարը շրջայց է կատարել Մադրիդի բժշկական համալսարանում:
 
Եռօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան 600 հայ բժիշկներ, հայաստանյան պատվիրակության կազմում են պետական և մասնավոր բուժկենտրոնների ղեկավարներ, բուժաշխատողներ, առողջապահության կազմակերպիչներ, ուսանողներ, ոլորտում ներդրումային ծրագրով հետաքրքրված մասնագետներ:

  • Կիսվել: