կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանը պետք է պատրաստ լինի պարենային ճգնաժամի. Վահե Դավթյան

Հայաստանը պետք է պատրաստ լինի պարենային ճգնաժամի. Վահե Դավթյան

Ուկրաինական դեպքերով պայմանավորված առաջիկայում Հայաստանը կարող է կանգնել պարենային անվտանգության ռիսկերի առաջ: Խոսքը, մասնավորապես, ցորենի գնի էական բարձրացման մասին է: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

«Երեկ ցորենի միջազգային շուկայում էքսպորտային գինը բարձրացել է 27,10 դոլարով՝ հասնելով 411,25 դոլարի, ինչը ամենաբարձր գինն է 2008-ից ի վեր: Պատճառը նրանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ապահովում են աշխարհի ցորենի արտահանման շուրջ 30%-ը, ու հաշվի առնելով հակառուսական պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև Ուկրանիայի կողմից արտահանման պարտավորությունների լիարժեք կատարման անհնարինությունը՝ առաջիկայում ցորենի շուկայում ճգնաժամն էլ ավելի է խորանալու: Դրա մասին են խոսում բոլոր միջազգային ուղեղային կենտրոնները:

Միաժամանակ, Ռուսաստանի ցորեն արտադրողներն արդեն մաքսատուրքերի վերացում, սուբսիդիաներ ու արտոնյալ վարկեր են պահանջում պետությունից՝ արտաքին շուկայում քիչ թե շատ մրցունակություն ապահովելու համար:

Գանք Հայաստան:

Հայաստանում սպառվող ցորենի 90%-ը ներկրվում է Ռուսաստանից, ու ակնհայտ է, որ մենք ևս պետք է պատրաստ լինենք ամենաբացասական զարգացումներին: Հաշվի առնենք նաև այն, որ կարող են առաջանալ լոգիստիկ բնույթի խնդիրներ: Մասնավորապես, եթե վնասվի կամ ժամանակավորապես փակվի Ուկրաինայի սահմանի մոտ անցնող М-4 (Դոն) մայրուղին, որով իրականացվում է ցորենրի (և ոչ միայն) ներկրումը, կարող ենք ունենալ նաև խնդիրներ պակասորդի տեսքով, ինչն իր հերթին ևս կհանգեցնի գնի բարձրացմանը:

Ճիշտ է, կա նաև Վոլգոգրադով անցնող P-22 մայրուղին, սակայն դրա օգտագործումն ավելացնելու է փոխադրման ժամանակը՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

Դե Արցախի ցորենի արտադրության ներուժն էլ արդեն չունենք: Մինչև պատերազմը Հայաստանն ու Արցախը տարեկան սպառում էին 550-600 հազ, տոննա ցորեն, որից մոտ 25-30%-ն արտադրվում էր Արցախում: Պատերազմի հետևանքով հացահատիկի 50 հազ. հեկտար ցանքատարածք անցել է Ադրբեջանին:

Եթե իշխանությունը իշխանություն լիներ՝ կոչ կանեի անհապաղ մշակել պարենային անվտանգության ապահովման ճգնաժամային ծրագիր», - ասված է նրա գրառման մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: