Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում. Մհեր Գրիգորյանը հակադարձել է Օվերչուկին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում, և Երևանի՝ եվրաինտեգրման ցանկությունը ռուս գործարարների վրա չի ազդում։
Այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե Հայաստանի մերձեցումը Եվրամիության երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության հետ Երևանի համագործակցության վրա։
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ լուրջ է վերաբերվում եվրաինտեգրման հարցին, և դրանում որևէ սիմվոլիզմ չկա։
«Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ, որ մենք ունենք ցուցանիշներ, որոնց պետք է անընդհատ անդրադառնանք։ Քանի որ իմ կարծիքով՝ անկախ այս հարցի հետ կապված մեր իրավական կառուցվածքից, ռուսներն իրենց Հայաստանում հիանալի են զգում։ Մենք հպարտանում ենք դրանով։ Կա նաև զբոսաշրջության թվերի աճ։ Սա նշանակում է, որ առնվազն մարդկանց մակարդակով դեռևս դրամատիզմ չկա։ Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հայ-ռուսական, այլև միայն ռուսական կապիտալի վրա հիմնված բիզնեսին։ Իհարկե, առաջանում են խնդրահարույց հարցեր, և դրանք պարբերաբար քննարկվում են, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ», - ասել է ՀՀ փոխվարչապետը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար այդ տնտեսական ցուցանիշները շատ կարևոր են։
ՀՀ փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ ռուսական կողմը չպետք է մտահոգվի Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման առնչությամբ:
Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույն պանելային քննարկման ժամանակ նաև նշել էր, որ Ռուսաստանը այլևս չի կարող չտեսնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Նա կանխատեսում է արել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի անկում՝ հիշատակելով նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։