«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սադրանքը պետք է լինի վերջինը»․ Ալիև
«Ռազմական սադրանքը, որը վերջերս տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին` Զանգելանի ուղղությամբ, պետք է լինի վերջինը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է minval.az-ը։
Ջաբրայիլում սահմանապահների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ «եթե ևս մեկ նման փորձ ձեռնարկվի, ապա թշնամին տեղում կոչնչացվի»։
ՀՀ ՊՆ-ն այս առնչությամբ հաղորդագրություն էր տարածել` նշելով.
«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:
Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:
Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»: