երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Զարուհի Բաթոյանը մասնակցել է ԵԱՀԿ համաժողովի շրջանակում կազմակերպված քննարկմանը

Զարուհի Բաթոյանը մասնակցել է ԵԱՀԿ համաժողովի շրջանակում կազմակերպված քննարկմանը

Հոկտեմբերի 12-ին Վարշավայում մասնակցեցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) «Մարդկային չափում-2025» համաժողովի շրջանակում կազմակերպված՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության խթանումը խորհրդարաններում. գնահատման մեթոդաբանություն և պատկերացումներ ԵԱՀԿ տարածաշրջանից» խորագրով քննարկմանը և հրապարակման շնորհանդեսին։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

«Միջոցառման ընթացքում ներկայացվեց մեթոդաբանություն, որը խորհրդարաններին կօգնի գնահատել ներառականության մակարդակը, բացահայտել մասնակցության խոչընդոտներն ու նախաձեռնել կոնկրետ փոփոխություններ։

Ներկայացնելով հայաստանյան փորձը՝ ընդգծեցի, որ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը որոշումների կայացմանը փոփոխության կարևոր խթան է։ Երբ մենք ներկա ենք, խոչընդոտները տեսանելի են դառնում, իսկ անձնական փորձը կարող է վերածվել բոլորի համար նոր հնարավորություններ ստեղծող օրենսդրական փոփոխությունների։ Ներառական խորհրդարանում յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ներկայացնել իր առաջնահերթությունները, լսված լինել և իրական ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա։

Ներկայացրի նաև Ազգային ժողովի կողմից ընդունված իմ հեղինակած երկու նախաձեռնությունները՝ տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների համար պատգամավորների հետ տեսազանգով ընդունելության հնարավորությունը և խորհրդարանական հանրային լսումների ուղիղ հեռարձակումների ընթացքում ժեստերի լեզվով պարտադիր թարգմանությունը։

Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչպես կարող ենք մարդկանց փորձն ու առաջարկները վերածել օրենքով երաշխավորված մասնակցության հնարավորությունների՝ խորհրդարանը դարձնելով ավելի մատչելի, ներառական և հաշվետու»,-նշել է նա։

  • Կիսվել: