կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հավուր պատշաճի կուսումնասիրենք, կարձագանքենք. Հակոբ Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված «Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի» մասին

Հավուր պատշաճի կուսումնասիրենք, կարձագանքենք. Հակոբ Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված «Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի» մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված «Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի» վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից առայժմ որևէ արձագանք չկա։

«Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, հետո արձագանքը չի ուշանա», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
 
Ըստ Արշակյանի՝ յուրաքանչյուր երկիր իր սուվերեն իրավունքն ունի իր միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես իրենք հարմար են գտնում։
 
«Հիմա դուք մի հարց եք տալիս, որը վերաբերում է մեր բարեկամ երկրի վարած արտաքին քաղաքականությանը, որն իր սուվերեն իրավունքն է։ Մեր ռազմավարական գործընկերության պայմանագիր նույնպես կա Ռուսաստանի Դաշնության հետ, որը տարբեր ձևաչափերում կնքվել է և ամենաբարձր մակարդակում առաջ է գնում։
 
Հիմա, եթե մենք ասում ենք՝ եթե որևէ երկրի հետ դաշնակցություն ենք անում, այդ երկիրը մեկ ուրիշ երկրի հետ չպիտի ունենա հարաբերություն, դա նշանակում է, որ Հայաստանը բազմաթիվ այլ երկիրների հետ, մասնավորապես Եվրոպական միության հետ, միգուցե միջազգային այլ հարթակներում պիտի առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում։

Ես պետք է խնդրեմ, որպեսզի մենք հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները, իհարկե, մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունք։ Թե Ադրբեջանը, թե Իրանը, թե Ռուսաստանը, թե Հայաստանը սուվերեն երկրներ են, անկախ և իրենց սուվերեն իրավունքն արտաքին հարաբերություններում կատարում են իրենց շահերից ելնելով։ Հիմա, եթե դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է իր որևէ գործողություններով ազդել նմանատիպ գործընթացների վրա, ես կարծում եմ՝ պետք չէ գերագնահատել այս բոլոր իրողությունները»,- ասաց նա։

Նա նշեց, որ ուզում է անդրադառնալ ընդդիմության՝ այս հարցի վերաբերյալ իշխանություններին ուղղված մեղադրանքին․ «Երբ մի երկիր իր անվտանգային, տնտեսական համակարգերը, դեմոկրատական արժեքները, ինքնիշխանությունը կառուցում է կոռուպցիայի, ստի վրա, առաջնորդվում է կոռուպցիայի օրենքներով, առաջնորդվում է ժողովրդի քվեն առնել-ծախելով, ընտրակեղծարարությամբ, և երբ նմանատիպ գործողությունների արդյունքում երկիրը հայտնվում է աղետալի իրավիճակում և կանգնում է մեծ մարտահրավերների առաջ, այդտեղից է պետք ելնել։ Եվ երբ մեր քաղաքական, դիվանագիտական, միջազգային շահերի, Արցախի հարցի շուրջ հայտնվում ենք խոցելի վիճակներում, դա պետք է տեսնել, թե մենք ի՞նչ ճանապարհ ենք անցել, ինչո՞ւ ենք այդտեղ հասել։

 

Հեղափոխությունից հետո այս ամբողջ ճանապարհը, որը մենք անցել ենք, ցույց ենք տվել, որ հենվելով ժողովրդավարական արժեքների վրա, մարդկանց հետ բաց խոսելով, իրենց շահերն առաջնահերթ դասելով, մերժելով կոռուպցիոն այս ամբողջ խնդիրները, կարողացել ենք հենց առաջին տարում ապահովել տնտեսական աճ, երկրորդ տարում՝ ավելի մեծ։ Բայց մենք չենք հասցրել պետական անվտանգային համակարգը, բանակի հագեցվածության մակարդակը, կառավարման ռեֆորմները բերել այնպիսի մակարդակի, որպեսզի կարողանանք խուսափել թե 44-օրյա պատերազմից և թե մնացած մարտահրավերներից, որոնք կանգնած են երկրի առաջ»։

  • Կիսվել: