չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Գլխավոր դատախազը սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազումը համարեց կարևոր ձեռքբերում

Գլխավոր դատախազը սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազումը համարեց կարևոր ձեռքբերում

ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազության 2020 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում ունենք հանցավորության նվազում 382 դեպքով:

«Մեր վերլուծությամբ՝ այդ նվազումը ոչ թե 382 է, այլ 1383 է: 2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է 26850 հանցագործության դեպք: Ըստ ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2020 թվականին արձանագրվել է 26468 դեպք: Ինչու եմ շեշտում, որ 1383-ով է պակաս, որովհետև մենք 2020 թվականին ունեցել ենք հանցագործության նոր տեսակ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված  անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը. նման 1000 դեպք է արձանագրվել»,- նշեց Դավթյանը:

Գլխավոր դատախազը որպես դրական դինամիկա մատնանշեց դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի հետ կապված հանցագործությունների նվազումը:

«Դրական դինամիկայի առումով ամենակարևոր ձեռքբերումը, որ ունեցել ենք, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազումն է: Վերջին 10 և ավելի տարիների ընթացքում մեր երկրում ճիշտ հակառակ պատկերն ենք ունեցել: Առավել անհանգստացնողն այն էր, որ աճ էինք արձանագրում հատկապես բնակարանային գողությունների հետ կապված դեպքերում»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

  • Կիսվել: