Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մայիսի 20-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական ձերբակալությունը եղավ՝ կաշառքի մեղադրանքով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածները Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներ են՝ Կարեն Հակոբյանը եւ Վարդան Կարապետյանը։ Վերջինս Արագածոտնի մարզի նախկին ոստիականապետ, այժմ Արարատի զինկոմիսարիատի ղեկավար Տիգրան Կարապետյանի որդին է։ Կարապետյանն ու Հակոբյանը մեղադրվում են նախորդ տարի ապօրինի շինթույլտվությունը չստուգելու եւ դրա դիմաց 200 հազար դրամ եւ 2 շիշ կոնյակ կաշառք ստանալու մեջ։ Դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
Ի դեպ, Վարդան Կարապետյանի հայրը Հասարակական կարգի պահպանության ծառայության նախկին պետ Արամ Գյուլզադյանի մտերիմ ընկերն է, վերջինս այս տարի եւս կալանավորվեց՝ կաշառք ստանալու մեղադրանքով»։