հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մարկո Ռուբիոն զգուշացրել է՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկ կա

Մարկո Ռուբիոն զգուշացրել է՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկ կա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Այս մասին Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա։ 

Մարկո Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը ոչ միայն փորձում է կանխել հնարավոր հակամարտությունն, այլև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: 

«Իրականությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այնպիսի երկրների հետ, որոնք շատ դեպքերում իդեալական մոդել չունեն, բայց մենք պետք է նրանց հետ գործ ունենանք մեր ազգային շահերի համար, և մենք պետք է կարողանանք հավասարակշռել այդ ամենը՝ մեր ազգային շահերն ու դիվանագիտությունը»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

  • Կիսվել: