2022թ. գրանցվել է 37 612 հանցագործություն. գլխավոր դատախազ
2022թ. Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 37 612 հանցագործություն՝ 2021թ. 30 245-ի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 21-ին, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ըստ գլխավոր դատախազի՝ դրանցից 21 604-ը բացահայտվել է Երեւանում։ 2021թ. այդ ցուցանիշը 16 438 էր։
«Նախորդ տարվա համեմատ 2022թ. հանցագործությունների քանակն ավելացել է 7 367-ով կամ 24,45 տոկոսով»,- նշել է Վարդապետյանը։
Ընդ որում՝ 2021թ. համեմատ մանր հանցագործությունների քանակն ավելացել է 2 831-ով կամ 19,35 տոկոսով։ 2021թ. այդ ցուցանիշը կազմել է 14 629, իսկ 2022թ.՝ 17 460։
Միջին ծանրության գործերով աճը կազմել է 29,85 տոկոս կամ 2 383։ 2021թ. այդ ցուցանիշը 7 988 էր, իսկ 2022-ին՝ 10 371։
Ծանր հանցագործությունների քանակը 2022թ. կազմել է 14 256։ Դա 633 դեպքով ավելի է, քան 2021-ին, իսկ առանձնապես ծանրների քանակը՝ 15 456։