շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ֆրանսիան պատրաստ է  լիակատար աջակցություն հայտնել մեր երկրին՝ COP17-ի բարձր մակարդակով կազմակերպման ուղղությամբ. Մաթևոսյան

Ֆրանսիան պատրաստ է  լիակատար աջակցություն հայտնել մեր երկրին՝ COP17-ի բարձր մակարդակով կազմակերպման ուղղությամբ. Մաթևոսյան

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթեր աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի շրջակա միջավայրի հարցերով դեսպան  Բարբարա Պոմպիլիի հետ։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում:
 
«Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել երկու երկրների միջև բնապահպանական համագործակցության ընթացիկ օրակարգային հարցերին և առաջիկա անելիքներին։
 
Հանդիպման առանցքում կրկին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական հարցերն էին։
 
Տիկին Պոմպիլին վերահաստատեց, որ Ֆրանսիան պատրաստ է  լիակատար աջակցությունը հայտնել մեր երկրին՝ COP17-ի բարձր մակարդակով կազմակերպման և նախապատրաստման ուղղությամբ՝ ներառյալ կազմակերպչական ու տեխնիկական աջակցություն և միջազգային գործընկերների հետ բանակցային ուղղությամբ աշխատանք։
 
Անդրադարձանք նաև արդեն ձևավորված համագործակցությանը․ 2016 թվականից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող  Ֆրանսիայի Միջազգային ջրային գրասենյակի հետ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նախարարության համակարգում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությունը Météo-France-ի և Météo-France International-ի հետ։ 
 
Հանդիպումն ամփոփելով՝ վերահաստատեցի մեր պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը ֆրանսիական կողմի հետ՝ COP17-ի հաջող կազմակերպումը դարձնելով Հայաստանի միջազգային ներգրավվածության և կենսաբազմազանության պաշտպանության օրակարգի առաջխաղացման կարևոր հարթակ»,-գրել է նախարարը:

  • Կիսվել: