Երկաթուղիների հարցով լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ թե՛ Հայաստանը շահի, թե՛ ռուս ընկերները չնեղանան. Միրզոյան
Երկաթուղիների հարցով լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ թե՛ Հայաստանը շահի, թե՛ ռուս ընկերները չնեղանան։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանի երկաթուղային ցանցը լուրջ արդիականացման կարիք ունի, մենք քննարկել ենք այդ հարցը, և, կարծես թե, ռուս գործընկերները չեն պատրաստվում իրականացնել անհրաժեշտ ներդրումները։
Ինչպե՞ս պետք է վարվել ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով, որ մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը (հաղորդակցությունների ապաշրջափակումը-խմբ․)։ Ցանցը պետք է աշխատի և ինտեգրվի մեծ նախագծին։ Այս հարցն այսօր մտնում է համաշխարհային քաղաքականության թոփ-3 գլխավոր թեմաների մեջ։ Ամբողջ աշխարհը փնտրում է լոգիստիկ նոր հաղորդակցություններ, և Հայաստանը հնարավորություն ունի դառնալու այդպիսի ուղղություններից մեկը, ու բոլորը հակված են համաձայնելու սրան։
Մենք ռուս գործընկերներին առաջարկում ենք վաճառել կոնցեսիոն կառավարման իրավունքը, որպեսզի իրենք էլ վնաս չկրեն։ Ռուսաստանը կարող է այն վաճառել որևէ երրորդ երկրի, որը ընդունելի կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։
Օրինակ՝ դա կարող է լինել Ղազախստանը կամ մեկ այլ երկիր։ Սա լավագույն լուծումն է և բարեկամական քայլ»,- նշել է Միրզոյանը և ընդգծել, որ բնական է համարում, որ ռուս գործընկերների առաջին արձագանքը սառն է եղել։
Միրզոյանը նաև հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները:
«Վերջին ազդակը, որ հայկական կողմը ստացել է ռուսական կողմից «Հարավկովկասյան երկաթուղիների»` Երասխ–Նախիջևան և Ախուրիկ–Թուրքիա սահմանային հատվածները վերականգնելու հարցով, եղել է 2–3 օր առաջ։ Այդ ազդակը խոսում է այն մասին, որ իրենք պատրաստակամ են հասկանալ, քննարկել նյուանսները, թե ով որքան է ներդնելու և այլն»,-ասել է նա։



